Աշխատանքային օրենսգրքում և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկվում, որոնք վերաբերելու են աշխատողների և գործատուների հարաբերություններին։ Նախագծերով նախատեսվում է վերանայել աշխատաժամանակի տևողության, ծնողական ժամի օգտագործման, անչափահասների աշխատանքի, աշխատավարձի հաշվարկման և արձակուրդների տրամադրման կարգավորումները։ Առաջարկվում է նաև հստակեցնել աշխատանքի էական պայմանների փոփոխման ընթացակարգը՝ միաժամանակ սահմանելով աշխատողների իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ։
Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից մշակված նախագիծը։
Ի՞նչ է ակնկալվում նախագծի ընդունմամբ՝
- հստակեցնել աշխատանքային հարաբերություններում կիրառվող առանձին իրավական կարգավորումները և նվազեցնել դրանց տարաբնույթ մեկնաբանման հնարավորությունը,
- ապահովել աշխատանքի էական պայմանների փոփոխության առավել ճկուն մեխանիզմ՝ միաժամանակ պահպանելով աշխատողի պաշտպանության անհրաժեշտ երաշխիքները,
- բարելավել առանձին կատեգորիայի աշխատողների աշխատաժամանակի օրական տևողության կարգավորումները,
- ապահովել ծնողական ժամի՝ որպես սոցիալական երաշխիքի արդյունավետ և հավասարակշռված կիրառումը՝ երաշխավորելով աշխատողի՝ ծնողական ժամից օգտվելու իրավունքի իրացումը և միաժամանակ կանխելով աշխատանքի բնականոն ընթացքի անհամաչափ խաթարումը,
- հստակեցնել ամենամյա արձակուրդի վճարման և միջին աշխատավարձի հաշվարկման մեխանիզմները,
- կատարելագործել միջին աշխատավարձի հաշվարկման կարգավորումները,
- ապահովել մինչև 18 տարեկան անձանց աշխատանքի և կրթության համատեղելիության առավել արդյունավետ իրավական մեխանիզմներ,
- նպաստել աշխատողների իրավունքների և օրինական շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը՝ միաժամանակ հաշվի առնելով գործատուների աշխատանքի կազմակերպման օրինական շահերը։
Ի՞նչ է փոխվելու
1․ Կհստակեցվեն աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրման հետ կապված կարգավորումները
Օտարերկրացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կամ ապաստան հայցողի հետ թղթային եղանակով կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում հստակեցվում է, որ օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթն ստանալուց հետո սահմանված ժամկետում աշխատանքային պայմանագիրը աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ է մուտքագրում գործատուն։
2․ Կհստակեցվեն աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի լրանալու հետ կապված կարգավորումները
Սեզոնային և ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ դրույթներում հստակեցվում է, որ պայմանագրի լուծումը վերաբերում է հենց դրա գործողության ժամկետը լրանալու հիմքին, և համապատասխան ծանուցումը կատարվում է այդ հիմքով պայմանագիրը լուծելու դեպքում։
3․ Կհստակեցվեն աշխատանքի էական պայմանների փոփոխման կարգավորմը
Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է հստակեցնել աշխատանքային պայմանագրի էական պայմանների փոփոխման կարգը։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, թե որ դեպքերում աշխատողն ու գործատուն կարող են փոխադարձ համաձայնությամբ փոփոխել պայմանագրի պայմանները՝ առանց աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու, ինչպես նաև նախատեսել այդ հնարավորության կիրառման սահմանափակումներ՝ աշխատողների իրավունքների և օրենքով սահմանված երաշխիքների պահպանման նպատակով։
Նախագծով առաջարկվում է սահմանել երկու հիմնական սահմանափակում՝ աշխատողների իրավունքների պաշտպանության նպատակով
- Անորոշ ժամկետով պայմանագիրը չի կարող վերածվել որոշակի ժամկետով պայմանագրի։ Հիմնավորումն այն է, որ նման փոփոխությունը կարող է նվազեցնել աշխատանքային հարաբերությունների կայունությունը և հետագայում հանգեցնել պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով աշխատանքից ազատման։
- Փոխադարձ համաձայնությամբ չի թույլատրվի նվազեցնել աշխատողի աշխատավարձը։ Աշխատավարձը աշխատանքի էական պայման է, և դրա նվազեցումն անմիջականորեն ազդում է աշխատողի տնտեսական ու սոցիալական վիճակի վրա։ Միայն կողմերի համաձայնությունը բավարար հիմք չպետք է լինի աշխատավարձը նվազեցնելու համար։
Այսպիսով, նախագիծը մի կողմից հնարավորություն է տալիս կողմերին փոխադարձ համաձայնությամբ փոփոխել աշխատանքային պայմանները, մյուս կողմից սահմանում է այդ հնարավորության շրջանակը՝ աշխատողի իրավունքներն ու երաշխիքները պահպանելու համար։
4․ Կհստակեցվեն պաշտոնավարման կասեցման ժամանակահատվածում աշխատողի սոցիալական երաշխիքները
Նախատեսվում է կարգավորել մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի պաշտոնավարման կասեցման ընթացքում հղիության և ծննդաբերության արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության դեպքերը՝ ապահովելով համապատասխան նպաստների վճարումը և բացառելով նույն ժամանակահատվածի համար կրկնակի հատուցման տրամադրումը։
5․ Կկատարելագործվի աշխատաժամանակի կազմակերպման կարգավորումը
Նախագծով առաջարկվում է կատարելագործել առանձին կատեգորիայի աշխատողների աշխատաժամանակի կազմակերպման կարգավորումները։
- Օրական աշխատաժամանակի երկու տարբերակ։ Առանձին կատեգորիայի աշխատողների համար նախատեսվում է սահմանել օրական 12 կամ 24 ժամ տևողությամբ աշխատանք՝ յուրաքանչյուր աշխատողի համար ընտրելով միայն մեկ տարբերակ։
- Շաբաթական աշխատաժամանակի սահմանաչափ։ Երկու տարբերակի դեպքում էլ պահպանվում է պահանջը, որ շաբաթվա ընթացքում աշխատաժամանակի միջին տևողությունը չգերազանցի 48 ժամը։
- Հերթափոխային աշխատանքի սահմանում։ Օրենսգիրքը լրացվում է «հերթափոխային աշխատանք» հասկացության սահմանմամբ՝ իրավական հստակություն ապահովելու նպատակով։
Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ փոփոխությունները հնարավորություն կտան աշխատանքը կազմակերպել տվյալ ոլորտի առանձնահատկություններին համապատասխան՝ չփոխելով շաբաթական աշխատաժամանակի առավելագույն սահմանաչափը և հանգստի իրավունքի ապահովման պահանջները։
6. Կհստակեցվեն մինչև 18 տարեկան անձանց աշխատանքի վերաբերյալ կարգավորումները
Նախատեսվում է դպրոցական օրերին մինչև 15 տարեկան անձանց աշխատանքի ներգրավման համար սահմանել օրական առավելագույնը երկու ժամ տևողություն, ինչպես նաև վերանայել առանձին տարիքային խմբերի համար սահմանված աշխատանքային ժամերի առավելագույն տևողությունները՝ վերջինովս պայմանավորված փոփոխություն է առաջարկվում նաև «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում։
Առաջարկվող փոփոխություններով կարգավորումները համապատասխանեցվում են Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի՝ երեխաների և երիտասարդների աշխատանքի իրավական պաշտպանությանն ուղղված պահանջներին։
7․ Կհստակեցվի ամենամյա արձակուրդի վճարման և միջին աշխատավարձի հաշվարկման կարգը
Օրենսգրքի 169-րդ հոդվածում հստակեցվում է, որ ամենամյա արձակուրդի համար միջին աշխատավարձի հաշվարկման նպատակով «պահանջ առաջանալու ամիս» է համարվում ամենամյա արձակուրդի համար վճարման ամիսը։
Առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի ապահովել 169-րդ և 195-րդ հոդվածների փոխկապակցված և միատեսակ կիրառումը և վերացնել միջին աշխատավարձի հաշվարկման ամսվա որոշման հնարավոր տարակարծությունները։
8. Կկատարելագործվի հղիության և ծննդաբերության արձակուրդի կարգավորումը
Վերանայվում և հստակեցվում են հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման վերաբերյալ կարգավորումները վաղաժամ ծննդաբերության դեպքերի համար՝ հաշվի առնելով նման դեպքերի առանձնահատկությունները և ապահովելով աշխատողի համար օրենքով նախատեսված արձակուրդի իրավունքի լիարժեք իրացումը։
Փոփոխության նպատակն է բացառել վաղաժամ ծննդաբերության դեպքում կարգավորման տարբեր մեկնաբանությունները և ապահովել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքի իրացման միասնական մոտեցում։
9․ Կկատարելագործվի աշխատանքի վարձատրության հաշվարկման և վճարման կարգը
Նախատեսվում է ուղիղ ամրագրել, որ աշխատողի աշխատավարձը փոխանցվում է աշխատողի անվամբ բացված բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվին։
Միաժամանակ կատարելագործվում է ժամային դրույքաչափով վարձատրվող աշխատողների միջին աշխատավարձի հաշվարկման կարգը՝ այն դեպքերի համար, երբ նախորդ տասներկու ամիսների ընթացքում փաստացի հաշվարկված աշխատավարձ առկա չէ կամ առկա են Օրենսգրքով նախատեսված հատուկ ժամանակահատվածներ։
Նպատակն է ապահովել միջին աշխատավարձի հաշվարկման միասնական և գործնականում կիրառելի մեխանիզմ։
10․ Կկատարելագործվի ծնողական ժամի կիրառումը
Նախագծով առաջարկվում է հստակեցնել ծնողական ժամից օգտվելու կարգը՝ հաշվի առնելով ինչպես աշխատողի իրավունքը, այնպես էլ աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները։
- Ծնողական ժամի տրամադրումը։ Այն կտրամադրվի աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարողանա մերժել ծնողական ժամից օգտվելու իրավունքը։
- Օգտագործման ժամի փոփոխություն։ Եթե աշխատողի նշած ժամանակահատվածում բացակայությունը կարող է խաթարել աշխատանքի բնականոն ընթացքը, գործատուն հնարավորություն կունենա նույն աշխատանքային օրվա ընթացքում սահմանել ծնողական ժամի օգտագործման այլ ժամանակահատված։
- Հերթափոխային աշխատանք։ Հերթափոխային աշխատանք կատարող աշխատողների դեպքում ծնողական ժամի օգտագործման ժամանակահատվածը նախապես կհամաձայնեցվի գործատուի հետ։
- Մինչև 6 ժամ տևողությամբ աշխատանքային օր։ Ծնողական ժամից օգտվելու իրավունք չեն ունենա այն աշխատողները, որոնց աշխատանքային օրը չի գերազանցում 6 ժամը։
Փոփոխությունները նպատակ ունեն ապահովել ծնողական ժամից օգտվելու իրավունքը՝ միաժամանակ հաշվի առնելով աշխատավայրում աշխատանքի բնականոն կազմակերպման անհրաժեշտությունը։
Նշենք, որ խոսքը հանրային քննարկման ներկայացված օրենսդրական նախագծերի մասին է․ առաջարկվող կարգավորումները դեռևս գործող օրենքի փոփոխություններ չեն