Բեռլինում՝ Ռայխստագի շենքի դիմաց, 22-ամյա տղամարդը բարձրացել է դրոշաձողի վրա, իջեցրել Գերմանիայի պետական դրոշը և դրա փոխարեն բարձրացրել Պաղեստինի դրոշը։ Այս մասին հայտնում է գերմանական BILD պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ ժամը 11։15-ի սահմաններում։ Գերմանիայի դրոշը, որի մակերեսը 60 քառակուսի մետր է, տղամարդը իջեցրել և նետել է գետնին։ Խոսքը Գերմանիայի վերամիավորման խորհրդանիշ համարվող «Միասնության դրոշի» մասին է, որը տեղադրված է 28,5 մետր բարձրությամբ հուշարձանային դրոշաձողի վրա։
Ոստիկանության տվյալներով՝ միջադեպին մասնակցել են նաև 20 և 32 տարեկան երկու տղամարդ, որոնք նկարահանել են կատարվածը։ Երեքն էլ բերման են ենթարկվել։ Հիմնական կասկածյալը հայտնել է, որ գործել է Պաղեստինին համերաշխություն հայտնելու նպատակով։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել պետության և նրա խորհրդանիշների անարգման, հավաքների անցկացման կանոնների խախտման և ապօրինի մուտքի կասկածանքով։ Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է պաղեստինամետ «Peacefully against genocide» խումբը։