November 8, 2026
Lurer 760604 Facebook image

Իսրայելի ներկայացուցիչ Շայ Միզրահին ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աուդիտի հարցերով անկախ խորհրդատվական կոմիտեի անդամ՝ դառնալով այդ մարմնում ընդգրկված առաջին իսրայելցին՝ 2007 թվականին դրա ստեղծումից ի վեր։ Նրա թեկնածությանը աջակցել է 134 պետություն՝ չնայած Իսրայելի և ՄԱԿ-ի հարաբերությունների լուրջ վատթարացմանը, հայտնում է The Times of Israel-ը։

Միզրահին, որը իրավաբան է և Իսրայելի պետական վերահսկողի գրասենյակի՝ տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման աուդիտի բաժնի տնօրենը, ընտրվել է երեք տարի ժամկետով։ Նա դարձել է այս մարմնի կազմում ընդգրկված Իսրայելի առաջին քաղաքացին, հայտնել է պետական վերահսկողի գրասենյակը։

Կոմիտեն բաղկացած է հինգ անդամից և Գլխավոր ասամբլեային խորհրդատվություն է տրամադրում ՄԱԿ-ի ներքին վերահսկողության մեխանիզմների արդյունավետության հարցերով։ Նրա իրավասությունների շրջանակում են աուդիտը, ռիսկերի կառավարումը, ֆինանսական վերահսկողությունը և կորպորատիվ կառավարման հարցերը։

Միզրահին առաջադրվել էր արևմտաեվրոպական և այլ պետությունների խմբի կողմից, որը նախկինում կոմիտեում ներկայացված էր միայն ԱՄՆ-ի թեկնածուներով։ Վերջին շաբաթներին ՄԱԿ-ում Իսրայելի առաքելությունը՝ դեսպան Դենի Դանոնի գլխավորությամբ, աշխատում էր բարեկամ երկրներից նրա թեկնածության համար միջազգային աջակցություն ապահովելու ուղղությամբ։

Միզրահիի ընտրությունը տեղի է ունեցել Իսրայելի և ՄԱԿ-ի հարաբերությունների ամենալարված ժամանակաշրջաններից մեկում։ Իսրայելի իշխանությունները պարբերաբար միջազգային կազմակերպությանը մեղադրում են երկրի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի և այն մեկուսացնելու փորձերի մեջ, հատկապես՝ 2023 թվականին Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկսվելուց հետո։

Դանոնը Միզրահիի ընտրությունը համարել է Իսրայելի և նրա դիվանագիտական ջանքերի կարևոր ձեռքբերում։

«Այն պայմաններում, երբ Իսրայելը ՄԱԿ-ի կառույցներում բախվում է իրեն դուրս մղելու և լեգիտիմությունից զրկելու մշտական փորձերի, այս նշանակումը ցույց է տալիս, որ իսրայելական պրոֆեսիոնալիզմը, փորձն ու մասնագիտական հմտությունները շարունակում են միջազգային ճանաչում և աջակցություն ստանալ», — հայտարարել է դեսպանը։