Մեծ Բրիտանիայում կտրուկ աճել է ձեռնարկատերերի համար նախատեսված հատուկ վիզային ծրագրով Թուրքիայի քաղաքացիներին մշտական կացության թույլտվություն տրամադրելու մերժումների թիվը, հայտնում է The Guardian-ը։
Ներքին գործերի նախարարության որոշումներում ենթադրյալ սխալները, գոյություն չունեցող պահանջների կիրառումն ու կյանքի ծանր հանգամանքները հաշվի առնելուց հրաժարվելը մեղադրանքների տեղիք են տվել, թե գերատեսչությունը դասեր չի քաղել միգրանտներին ապօրինաբար իրավունքներից զրկելու հետ կապված Windrush սկանդալից։
Խոսքը Եվրոպական համայնքի և Թուրքիայի միջև ասոցացման համաձայնագրի (ECAA) շրջանակում տրված վիզաներով Մեծ Բրիտանիա ժամանած դիմողների մասին է։ Այս ծրագիրը Թուրքիայի քաղաքացիներին թույլ էր տալիս երկիր գալ՝ բիզնես հիմնելու և վարելու նպատակով։ Բրիտանիայի ՆԳՆ տվյալներով, 2025 թվականի հունվարից հունիս այս ընթացակարգով մշտական կացության թույլտվություն է ստացել 3378 մարդ։ 2026 թվականի նույն ժամանակահատվածում դրական որոշումների թիվը նվազել է մինչև 745՝ 78%-ով։
Իրավաբանները իրավիճակի կտրուկ վատթարացումը կապում են 2025 թվականի սեպտեմբերից սկսած ներկայացված դիմումների հետ։ Դրանից կարճ ժամանակ առաջ ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը հայտարարել էր մշտական կացության կարգավիճակ ստանալու պայմանները խստացնելու ծրագրերի մասին։ Սակայն գերատեսչությունը պնդում է, որ դիմումների քննության կանոնները չեն փոխվել։
Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Դևիդ Լեմին հայտարարել է, որ առնչվել է մարդկանց պատմությունների, որոնց կյանքերը կործանվել են՝ չնայած նրանք պահպանել են կանոնները, երկրում ընտանիք կազմել և բիզնես հիմնել։
«Երբ լսում եմ այս սարսափելի պատմությունները, չեմ կարող չհիշել Windrush սկանդալը։ ՆԳՆ-ն պետք է անհապաղ վերանայի իր գործելակերպը և հաշվի առնի անկախ քննության առաջարկությունները։ Սա միանգամայն անընդունելի է։ Ես կցանկանայի հասնել արդարության՝ Բրիտանիայի թուրքական ծագում ունեցող համայնքի համար», — ասել է Լեմին, որը ներկայացնում է մեծաթիվ թրքախոս բնակչություն ունեցող Թոթենհեմ ընտրատարածքը։
Տուժածների թվում է մի կին, որը Թուրքիայում սկսել է քաղցկեղի բուժումը՝ COVID-19 համավարակի ընթացքում ախտորոշվելուց հետո, երբ բրիտանական առողջապահական համակարգում բժշկական օգնության հասանելիությունը սահմանափակ էր։ ՆԳՆ-ն մերժել է նրան մշտական կացության կարգավիճակ տրամադրել՝ նշելով, որ նա ինքն է «ընտրել» արտերկրում բուժվելը։ Մինչդեռ նրա բժիշկները նախազգուշացրել էին, որ բուժումն այլ կլինիկայում շարունակելը զգալի բժշկական ռիսկ է պարունակում։ Որոշումը վերանայելուց հետո գերատեսչությունն ուժի մեջ է թողել մերժումը և պահանջել, որ կինն ու նրա երեք փոքրահասակ երեխաները լքեն Մեծ Բրիտանիան։
Մեկ այլ դեպքում Բրիտանիայի ՆԳՆ-ն կասկածի տակ է դրել պատուհանների լվացման բիզնեսի օրինականությունը, քանի որ ձեռնարկատերը սոցիալական ցանցերում էջեր չի ունեցել, թեև նման պահանջ պաշտոնապես նախատեսված չէ։ Մեկ այլ դիմորդուհու մերժել են Ալցհայմերի հիվանդության վերջնական փուլում գտնվող հորը տեսակցելու նպատակով Թուրքիա կատարած ուղևորությունների պատճառով. գերատեսչությունը համարել է, որ նրա վիճակի մասին վաղուց է հայտնի եղել, հետևաբար ուղևորությունները պայմանավորված չեն եղել անկանխատեսելի արտակարգ իրավիճակով։
Աճել է նաև մերժումները վարչական կարգով վերանայելու դիմումների թիվը։ Տեղեկատվության ազատության մասին հարցման միջոցով ստացված տվյալների համաձայն, 2025 թվականին դրանք եղել են 145-ը, իսկ 2026 թվականի հունվարից մինչև օգոստոսի կեսը՝ արդեն 395-ը։
Քննադատները կարծում են, որ նման գործելակերպը հակասում է Windrush սկանդալի անկախ քննության առաջարկություններին, որոնցով առաջարկվում էր ավելի հստակ սահմանել ապացուցման չափանիշները, ավելի ակտիվորեն համագործակցել դիմողների հետ և հաշվի առնել մարդկանց խոցելիությունը։ ՆԳՆ-ն պնդում է, որ յուրաքանչյուր դիմում նախկինի պես քննվում է անհատապես՝ հրապարակված կանոններին և հրահանգներին համապատասխան։