Հայաստանում նախատեսվում է փոփոխություններ կատարել ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրում։ Մասնավորապես, առաջարկվում է պետական աջակցությամբ ձեռք բերվող հայկական կիսակոպտաբուրդ, բալբաս և մազեխ ցեղերի մեկ գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանու հաշվարկային առավելագույն արժեքը սահմանել 170 հազար դրամ։
Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ներկայացված և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված նախագիծը, ինչպես նաև դրա հիմնավորումը՝ պարզելու, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում ոչխարաբուծության զարգացման ծրագրում և ինչ նպատակ է հետապնդում նոր կարգավորումը։
Ո՞ր ցեղատեսակների ոչխարների ձեռքբերմանը կաջակցի պետությունը
Նախագծով առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել հայկական կիսակոպտաբուրդ, բալբաս և մազեխ ցեղերի տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերմանը։
Նախատեսվում է, որ Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրի շրջանակներում ձեռք բերվող նշված ցեղերի մեկ գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանու հաշվարկային առավելագույն արժեքը կկազմի 170 հազար դրամ։
Այսպիսով, առաջարկվող փոփոխությամբ պետական աջակցության ծրագրում կընդգրկվեն տեղական երեք ցեղատեսակների տոհմային կենդանիները։
Որքա՞ն արժեն այս ցեղատեսակների կենդանիները
Նախագծի հիմնավորման համաձայն՝ տեղական շուկայում հայկական կիսակոպտաբուրդ, բալբաս և մազեխ ցեղերի մեկ գլուխ կենդանու արժեքը ճշտելու նպատակով հարցում է կատարվել Հայաստանի տոհմային ոչխարաբույծների ասոցիացիային։
Ստացված տեղեկատվության համաձայն՝ նշված ցեղատեսակների կենդանիների շուկայական արժեքը տատանվում է 150-200 հազար դրամի սահմաններում։
Նախագծով առաջարկվող 170 հազար դրամ առավելագույն հաշվարկային արժեքը սահմանվել է՝ հաշվի առնելով այդ գնային միջակայքը։
Ինչո՞ւ են ընտրվել հենց հայկական այս ցեղատեսակները
Նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանում բուծվող մանր եղջերավոր կենդանիների տեղական ցեղերը՝ հայկական կիսակոպտաբուրդը, բալբասը և մազեխը, ձևավորվել են հազարամյակների ընթացքում։
Հայկական կիսակոպտաբուրդ ցեղի ոչխարները ձևավորվել են նաև հայրենական գիտնականների սելեկցիոն աշխատանքի արդյունքում։
Նշվում է, որ այս ցեղատեսակները տարածաշրջանի լեռնային խոշոր ցեղերից են, և դրանց գենոֆոնդի օգտագործմամբ անհրաժեշտ է ապահովել տեղական տոհմային ու մթերատու հատկանիշներով կենդանիների թվաքանակի աճն ու կատարելագործումը։
Ի՞նչ նպատակ է հետապնդում փոփոխությունը
Նախագծի հիմնական նպատակն է պետական աջակցությամբ նպաստել հայրենական ցեղերի տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործմանը, հոտերում տեղական տոհմային կենդանիների տեսակարար կշռի ավելացմանը, ինչպես նաև տեղական պայմաններին հարմարված կենդանիների վերարտադրությանը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխությունը բխում է նաև գյուղատնտեսության զարգացման և արտադրողականության բարձրացմանն ուղղված ռազմավարական նպատակներից։
Մասնավորապես, կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվել է տոհմային գործի բարելավում և տարեկան 10-15 տոկոսով տոհմային կենդանիների տեսակարար կշռի ավելացում։
Բացի այդ, Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված է տոհմային կենդանիների տեսակարար կշռի շուրջ 10 տոկոս ավելացում։
Լրացուցիչ բյուջետային միջոցներ կպահանջվե՞ն
Նախագծի հիմնավորման համաձայն՝ դրա ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։
Նախագիծը մշակել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Նշենք, որ խոսքը կառավարության որոշման նախագծի մասին է․ առաջարկվող փոփոխությունները դեռ պետք է ընդունվեն սահմանված կարգով։