Դուբլինից Հռոմ ուղևորվող Aer Lingus ավիաընկերության ինքնաթիռը ռումբի մասին ահազանգից հետո հարկադրաբար փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել Ֆրանսիայի Նորմանդիա շրջանում գտնվող Էվրե ռազմաբազայում։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի կառավարությունը՝ փոխանցում է France 24-ը։
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի գրասենյակի տվյալներով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել անվտանգ։ Բոլոր 151 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները չեն տուժել։ Ինքնաթիռը ստուգել են ռազմական սակրավորները։
Միջադեպը տեղի է ունեցել Եվրոպայում ռումբի մասին կեղծ ահազանգերի երրորդ օրը։ Իշխանությունների և ավիաընկերությունների տվյալներով՝ ընդհանուր առմամբ տուժել է շուրջ 25 չվերթ։
Հռոմի և Սոֆիայի օդանավակայաններ ուղարկված սպառնալիքներում, որոնք ուսումնասիրել է AFP գործակալությունը, առկա են եղել կանանց նկատմամբ ատելություն պարունակող հաղորդագրություններ։ Դրանց հեղինակները ներկայացել են որպես ռուսական ծայրահեղ աջ «Տղամարդկանց պետություն» խմբավորման անդամներ։ AP-ի ուսումնասիրած էլեկտրոնային նամակում ևս նշվել է մի խումբ, որը բնութագրում է իրեն որպես հակաֆեմինիստական։
Եվրամիությունը հայտարարել է, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք միջադեպերը փոխկապակցված են։ ԵՄ տրանսպորտի հարցերով հանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասը նշել է, որ խաղաղ բնակիչներին ուղղված ցանկացած սպառնալիք անընդունելի է, սակայն դեռ վաղ է եզրակացություններ անել։
Ռումբի մասին ահազանգերի պատճառով մի շարք ինքնաթիռներ հարկադրաբար վայրէջք են կատարել նաև Բելգիայում և Բուլղարիայում։ Չեխիայի ոստիկանությունը անվտանգության միջոցառումներ է ձեռնարկել Պրահայի օդանավակայանում չորս ինքնաթիռի վայրէջքի կապակցությամբ։ Ֆինլանդիայից Հռոմ թռչող Finnair-ի ինքնաթիռն էլ իտալական ռազմաօդային ուժերի ուղեկցությամբ հասել է նշանակման վայր։ Ստուգումների ընթացքում պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։
Ավելի վաղ՝ շաբաթվա սկզբին, ռումբի մասին կեղծ ահազանգերի պատճառով խափանվել էր ևս շուրջ 10 չվերթի աշխատանքը։ Ահազանգեր էին ստացվել նաև եվրոպական օդանավակայաններից մեկի և զբոսանավի վերաբերյալ։
Մինչ այժմ որևէ երկիր չի ստանձնել պատասխանատվություն միջադեպերի համար, և դրանց կազմակերպման մեջ որևէ պետության մեղադրանք պաշտոնապես չի ներկայացվել։ Եվրոպացի պաշտոնյաները վերջին շրջանում Ռուսաստանին և Իրանին մեղադրում են հիբրիդային հարձակումների և դիվերսիաների իրականացման մեջ, սակայն Մոսկվան և Թեհրանը հերքում են նման գործողությունների մասնակցությունը։