ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իր վարչակազմը կարող էր չափազանց ագրեսիվ լինել ներգաղթյալների արտաքսումների հարցում։ CBS-ի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցում նա նշել է, որ կոշտ ներգաղթային քաղաքականությունը կարող էր դառնալ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտության պատճառներից մեկը․ գրում է Associated Press-ը։
Լրագրողի հարցին՝ արդյոք իր վարչակազմի արտաքսման քաղաքականությունը չափազանց կոշտ էր ընտրողների համար, Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո, դա կարող է չափազանց կոշտ լինել»։
Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Կոնգրեսի դեմոկրատների հետ և ներգաղթի հարցով համաձայնության հասնելու հնարավորություն է տեսնում։ Թրամփի խոսքով՝ անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծում, որը թույլ կտա որոշ ներգաղթյալների մնալ ԱՄՆ-ում, եթե նրանք աշխատում են, հարկեր են վճարում և օրենքներ չեն խախտում։
Միևնույն ժամանակ, նախագահը նշել է, որ երկրում անօրինական գտնվող մարդասպաններն ու թմրավաճառները պետք է արտաքսվեն։ Սակայն նա չի ներկայացրել, թե կոնկրետ ինչպիսի տեսք կարող է ունենալ դեմոկրատների հետ հնարավոր համաձայնությունը։
Հարցազրույցի ձայնագրությունից կարճ ժամանակ անց Թրամփը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար է նշանակել Սթիվեն Միլլերին, որը համարվում է նրա կոշտ ներգաղթային քաղաքականության գլխավոր ճարտարապետներից մեկը։ Այս նշանակումը քննադատել է Սենատի դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը՝ նշելով, որ քաղաքականության համար պատասխանատու անձին պաշտոնի բարձրացնելը դրա փոփոխություն չէ։
Հարցազրույցի ընթացքում Թրամփն անդրադարձել է նաև 2028 թվականի նախագահական ընտրություններին՝ չբացառելով, որ կարող է չմիջամտել Հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածուների ընտրությանը։ Նա դրական է արտահայտվել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մասին, սակայն հրաժարվել է այլ անուններ նշել։
Նախագահը նաև պատասխանել է իր կարողության աճի վերաբերյալ հարցերին։ Թրամփի խոսքով՝ իր անձնական կարողության չափին մեծ ուշադրություն չի դարձնում, իսկ ընտանեկան բիզնեսով զբաղվում են որդիները։