November 9, 2026
Lurer 760726 Facebook image

Իսրայելի Ռիշոն Լե Ցիոն քաղաքի Նարկիսիմ թաղամասում վերջին ամիսներին գրանցված կրակոցները, նռնակների պայթյուններն ու ենթադրյալ շորթման դեպքերը մտահոգություն են առաջացրել բնակիչների շրջանում։ Նրանք մտավախություն ունեն, որ հանցավոր խմբավորումների միջև հակամարտությունների հետևանքով կարող են տուժել նաև անմեղ մարդիկ, այդ թվում՝ երեխաներն ու տարեցները։ Այս մասին գրում է The Jerusalem Post-ը։

Պարբերականի տվյալներով՝ բնակելի շենքերի ուղղությամբ նռնակներ են նետվել, բնակարանային շենքերի ուղղությամբ կրակոցներ են արձակվել, ինչպես նաև սպառնալիքներ են հնչել գործարարների հասցեին։ Որոշ դեպքեր, ըստ քննության վարկածներից մեկի, կարող են կապված լինել «Մուսլի» և «Ջարուշի» հանցավոր կազմակերպությունների միջև հակամարտության հետ։

Ոստիկանությունը մի շարք հետաքննչական և օպերատիվ գործողություններ է իրականացրել։ Դրանց արդյունքում երկու կասկածյալի դեմ մեղադրական եզրակացություններ են ներկայացվել։ Ըստ քննության՝ նրանք վարձատրության դիմաց հանցագործություններ են կատարել։ Նրանց վերագրվում են նաև Նետանիայում ավտոմեքենաներ հրկիզելու և Ռամաթ Գանում ռեստորանի ուղղությամբ լուսաձայնային նռնակ նետելու դեպքերը։

Մեկ այլ քննության շրջանակում ոստիկանությունը պարզում է ֆրանսիական ծագմամբ մեծահարուստ գործարարի նկատմամբ ենթադրյալ շորթման և սպառնալիքների հանգամանքները։ Վարկածի համաձայն՝ հանցավոր շրջանակները փորձել են նրանից գումար կորզել՝ որդու՝ կրիպտոարժույթների հետ կապված գործունեության հետևանքով կուտակված պարտքերի դիմաց։ Գործարարի տան ուղղությամբ նաև կրակոցներ են արձակվել։

Ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպերի մեծ մասը կապված է ֆինանսական վեճերի և չվճարված պարտքերի հետ։ Իրավապահները շարունակում են հետաքննել դեպքերը, պարզել դրանց մասնակիցների ինքնությունը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Միևնույն ժամանակ, ոստիկանությունը դեռևս չի հաստատել, որ բոլոր հարձակումները կապված են «Մուսլի» և «Ջարուշի» խմբավորումների հակամարտության հետ։