Փեսային «Lexus»-ով վրաերթի ենթարկած աներորդին ձերբակալվել է․ մեքենան ոստիկանները գտել էին

Սեպտեմբերի 22-ին Երևանի Նազարբեկյան 26 հասցեում տեղի ունեցած ողբերգական դեպքի առնչությամբ ոստիկաններն իրականացրել են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ։

Ըստ Shamshyan.com-ի՝ Մաշտոցի ոստիկանները սեպտեմբերի 23-ին հայտնաբերել են դեպքի վայրից հեռացած «Lexus» մակնիշի ավտոմեքենան և տեղափոխել այն ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում այսօր՝ սեպտեմբերի 24-ին, 38-ամյա Համբարձում Հովհաննիսյանը ինքնակամ ներկայացել է Մաշտոցի բաժին։ Այնուհետև նրան ներկայացրել են ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է։

Նախնական տվյալներով՝ սեպտեմբերի 22-ին Նազարբեկյան փողոցում տղամարդը «Lexus»-ով վրաերթի էր ենթարկել 52-ամյա Գևորգ Սարգսյանին, ապա հեռացել դեպքի վայրից։ Տուժածը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «սպանություն» հատկանիշներով։ Նշվում է, որ դեպքի մասնակիցները ազգականներ են՝ աներորդի և փեսա։

Կիսվել սոց․ ցանցերում
Xosapox