Իտալիայի հնագույն Պոմպեյ քաղաքում հնագետները հայտնաբերել են պահարանի մնացորդներ՝ բազմաթիվ անձնական իրերով, որոնք պատկերացում են տալիս բնակիչների առօրյայի մասին՝ մինչև մ.թ. 79 թվականին Վեզուվ հրաբխի ժայթքումը։
Պահարանում հայտնաբերվել են դիմահարդարման պարագաներ, օծանելիքի սրվակ, խոհանոցային ամաններ, 38 բրոնզե մետաղադրամ և մանր առարկաներից կազմված վզնոց։
Հատուկ ուշադրության է արժանացել վզնոցը։ Հին Հռոմում նման զարդերը երեխաներին նվիրել են որպես պաշտպանիչ հմայիլներ և չխկչխկան խաղալիքներ։ Որոշ մարդիկ դրանք պահել են նաև հասուն տարիքում՝ որպես մանկության հիշատակ։
Հնագետների կարծիքով՝ այն փաստը, որ իրերը մնացել են իրենց տեղում, կարող է վկայել, որ տան բնակիչները չեն հասցրել վերցնել դրանք հրաբխի ժայթքման ժամանակ։
Պոմպեյի հնագիտական տարածքի տնօրեն Գաբրիել Ցուխտրիգելիի խոսքով՝ հայտնագործությունը հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացում կազմել հին հռոմեացիների անձնական սովորությունների, աշխատանքի և հիշողությունների մասին։ Մ.թ. 79 թվականին Վեզուվի ժայթքումը քաղաքը ծածկել է հրաբխային մոխրով՝ պահպանելով բազմաթիվ շինություններ և կենցաղային իրեր։