ԱՄՆ-ի Հյուստոն քաղաքի քաղաքապետ Ջոն Ուիթմայրը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է քաղաքային ոստիկանության համագործակցությունը դաշնային ներգաղթային և մաքսային ծառայության՝ ICE-ի հետ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Նոր հրահանգի համաձայն՝ ոստիկանությունը ICE-ի հետ պետք է կապ հաստատի միայն այն դեպքում, երբ ձերբակալված անձին մեղադրանք է առաջադրվել ազատազրկում նախատեսող հանցագործության համար, կամ երբ ներգաղթային ծառայությունը տվյալ անձի նկատմամբ վարչական օրդեր է ներկայացրել։
Ուիթմայրը հայտարարել է, որ քաղաքը պետք է կենտրոնանա այն ներգաղթյալների նկատմամբ իրավապահ միջոցներ կիրառելու վրա, որոնք վտանգ են ներկայացնում հասարակության համար, այլ ոչ թե նրանց, ովքեր աշխատում են, հոգ են տանում ընտանիքների մասին կամ կրթություն են ստանում։ Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել է ընտրությունների արդյունքներից հետո, որոնք ցույց են տվել, որ քաղաքական փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ նաև Տեխասում։
Հրամանագիրը ստորագրվել է ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո, որոնց ընթացքում դեմոկրատները մի շարք նշանակալի հաղթանակներ են տարել։ Տեխասում ևս արձանագրվել են անակնկալ արդյունքներ․ դեմոկրատ Ջինա Հինոջոսան հաղթել է հանրապետական նահանգապետ Գրեգ Էբոթին՝ դառնալով նահանգի առաջին լատինաամերիկացի նահանգապետը։
Հյուստոնում ICE-ի գործունեության դեմ դժգոհությունը սրվել էր նաև մի քանի միջադեպերից հետո։ Դրանցից մեկի ժամանակ դաշնային ներգաղթային գործակալը մահացու կրակոց էր արձակել մեքսիկացի տղամարդու ուղղությամբ։ Անցյալ շաբաթ մեծ ժյուրին գործակալին մեղադրանք է առաջադրել ծանրացուցիչ հանգամանքներում մահացու զենքով հարձակման համար։ ICE-ն հերքել է, թե իր աշխատակիցը դիտավորյալ է վրաերթի ենթարկել մեկ այլ տղամարդու։
Գործակալությունը քննադատել է քաղաքապետի որոշումը՝ հայտարարելով, որ տեղական իշխանությունները չպետք է սահմանափակեն դաշնային մարմինների հետ համագործակցությունը։ Մինչդեռ ներգաղթյալների իրավունքների պաշտպանները ողջունել են հրամանագիրը՝ նշելով, որ ոստիկանության և ICE-ի համագործակցությունը համայնքներում վախ է առաջացրել, և մարդիկ խուսափել են նույնիսկ ճանապարհային միջադեպերի դեպքում դիմել իրավապահներին։
Ըստ AP Voter Poll-ի՝ Տեխասում հարցված ընտրողների կեսից ավելին կարծում է, որ Թրամփի վարչակազմը ներգաղթի օրենքների կիրառման հարցում չափազանց հեռուն է գնացել։ Հետազոտությունն անցկացվել է նահանգի ավելի քան 5000 ընտրողների շրջանում։