November 7, 2026
Lurer 760438 Facebook image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը մեծ առաջընթաց են գրանցել հակամարտության դադարեցմանն ուղղված քննարկումներում. փոխանցում է Associated Press-ը։

«Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել Իրանի հետ։ Շփվում ենք իրանական կողմի հետ։ Տեսնենք՝ ուր կհասցնի դա»,- ուրբաթ օրը Ֆլորիդայում լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։

Նա նաև պնդել է, որ Միացյալ Նահանգները վերահսկում է նավագնացությունը Հորմուզի նեղուցով։ Միևնույն ժամանակ, Fox News-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ վարչակազմը դիտարկում է նոյեմբերի 9-ին Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը։

Հորմուզի նեղուցով է անցնում աշխարհում նավթի առևտրի շուրջ 25 տոկոսը և հեղուկացված բնական գազի մատակարարումների մոտ 20 տոկոսը։ Տարածաշրջանում լարվածության սրումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ էներգակիրների համաշխարհային շուկայի վրա։

Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցնելու և Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն ուժեղացնելու՝ պատժամիջոցների միջոցով քաղաքականություն վարելու մասին։