Երկրաբաններին առայժմ չի հաջողվել պարզել Սթոունհենջի զոհասեղանի վեց տոննա կշռող քարի ծագումը, սակայն նոր հետազոտությունը թույլ է տվել նեղացնել որոնումների շրջանակը։ Նմուշների վերլուծությունը ցույց է տվել, որ քարը, ամենայն հավանականությամբ, բերվել է ոչ թե հյուսիսարևելյան Շոտլանդիայից, ինչպես նախկինում ենթադրում էին գիտնականները, այլ Շոտլանդիայի մեկ այլ շրջանից, հյուսիսային Անգլիայից կամ, հնարավոր է, Իռլանդիայից։
«Սթոունհենջի զոհասեղանի քարի ծագման որոնումները» (Searching for the origin of the Stonehenge altar stone) հետազոտությունը հրապարակվել է Journal of the Geological Society ամսագրում։
2024 թվականին Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի մասնագետները ենթադրել էին, որ ավազաքարը, որից կազմված է զոհասեղանի քարը, ծագում է հյուսիսարևելյան Շոտլանդիայից։ Այս բացահայտումը հետաքրքրություն էր առաջացրել այն հարցի շուրջ, թե ինչպես են նոր քարի դարի մարդիկ կարողացել բազմատոննանոց քարաբեկորը տեղափոխել ավելի քան 640 կիլոմետր հեռավորության վրա՝ ցամաքո՞վ, թե՞ ծովով։
Վարկածը ստուգելու համար հետազոտողների միջազգային խումբն ուսումնասիրել է քարի կազմը, այդ թվում՝ թանգարաններում պահվող ութ բեկորները։ Այնուհետև գիտնականները մեկնել են հյուսիսարևելյան Շոտլանդիա և լաբորատոր վերլուծության համար հավաքել ապարների շուրջ 70 նմուշ։
Արդյունքները ցույց են տվել, որ հայտնաբերված ապարները չեն համապատասխանում զոհասեղանի քարի բնութագրերին։ Հետազոտության ղեկավար, Հարավային Ուելսի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դունկան Փիրին հայտնել է, որ քարի ծագումը մնում է առեղծված։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ այս հետազոտությունը զոհասեղանի քարի մինչ օրս իրականացված ամենածավալուն երկրաբանական ուսումնասիրությունն է։
Գիտնականները նշել են, որ ծագման ենթադրյալ վայրերի բացառումը պակաս կարևոր չէ, քան համապատասխան ապարների հայտնաբերումը․ դա աստիճանաբար նեղացնում է որոնումների տարածքը։
Ճշգրիտ վայրը պարզելը, թե որտեղից է բերվել քարը, կարևոր է ոչ միայն երկրաբանության համար։ Դա կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես էին ապրում Սթոունհենջը կառուցած մարդիկ, ինչ տարածքներ էին յուրացնում և որքան հեռու էին տարածվում նրանց կապերը։