November 8, 2026
Lurer 760596 Facebook image

Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։

Այս մասին Պեսկովը հայտարարել է «Вести» լրատվական ծրագրի համար Պավել Զարուբինին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Չինաստանի Շենչժեն քաղաքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ հնարավոր բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահի ուղևորության հեռանկարները, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ նման այցեր պլանավորելիս անհրաժեշտ է հաշվի առնել կազմակերպչական և լոգիստիկ բազմաթիվ բարդություններ։

Որպես օրինակ, Պեսկովը նշել է ռուսաստանյան պատվիրակության ուղևորությունը Ժնև՝ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցելու համար։ Չնայած համեմատաբար կարճ հեռավորությանը՝ մինչև հանդիպման վայր թռիչքը տևել է մոտ ինը ժամ, նշել է նա։

Պեսկովն ընդգծել է, որ միջազգային ուղևորությունների կազմակերպումը կախված է մի շարք հանգամանքներից, ուստի G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ եզրակացություններ անելը դեռ վաղաժամ է։