Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարության առաջնահերթություններից մեկը կոռուպցիայի կանխարգելումն է, ինչի ուղղությամբ իրականացվում են լայնածավալ քայլեր։
«Մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ։ Մեր առաջնահերթությունը կոռուպցիայի կանխարգելումն է, և այդ ուղղությամբ ձեռնարկում ենք բավականին լայնամասշտաբ քայլեր»,- ասել է Փաշինյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման 5-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ։
Վարչապետի խոսքով՝ կոռուպցիոն ռիսկերը հնարավոր չէ ամբողջությամբ բացառել, ուստի դրանց բացահայտումն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելը շարունակում են մնալ Հակակոռուպցիոն կոմիտեի կարևորագույն խնդիրներից։
Փաշինյանն անդրադարձել է նաև դեռևս 2018 թվականից քննվող գործերի ավարտին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ ամփոփել այդ գործընթացները և ուշադրությունը կենտրոնացնել ներկա խնդիրների լուծման վրա։
«Մենք արագ պետք է այդ էջը փակենք, որ կենտրոնանանք այսօրվա խնդիրների լուծման վրա»,- նշել է նա։
Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանը կարող է դառնալ կոռուպցիայից զերծ պետություն։ Նա ընդգծել է, որ դա կառավարության տեսլականն է, և այդ նպատակին հասնելը բխում է երկրի, պետության և ժողովրդի շահերից։