November 9, 2026
Lurer 760771 Facebook image

Հունաստանի իշխանությունները Կրետե կղզուց հարավ հայտնաբերված միգրանտներ տեղափոխող նավակից 13 զոհվածի մարմին են դուրս բերել, ևս մեկը մահացել է հիվանդանոցում։ Այսպիսով՝ ողբերգության զոհերի թիվը հասել է 14-ի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Հունաստանի առափնյա պահպանությանը։

Նավակը հայտնաբերվել է երկուշաբթի առավոտյան՝ Կրետե կղզու հարավային ափից մոտ 28 կմ հեռավորության վրա։ Մարոկկոյի դրոշով նավարկող բեռնատար նավը փրկել է ևս 18 մարդու, որոնց տեղափոխել են Կրետե։ Նրանցից չորսը հոսպիտալացվել են, սակայն նրանցից մեկը, որը հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում, ավելի ուշ մահացել է։

Զոհվածների և փրկվածների ինքնության ու քաղաքացիության, ինչպես նաև մահվան պատճառների վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

Նույն օրը Կրետեից հարավ հայտնաբերվել է ևս երեք նավակ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 180 միգրանտով։ Դրանք նկատել են Եվրամիության սահմանային գործակալության՝ Frontex-ի ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը։ Նավակներում գտնվողներին նույնպես տեղափոխել են Կրետե։

Հունաստանը Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից և Ասիայից Եվրոպա մեկնող միգրանտների հիմնական մուտքի կետերից մեկն է։ Վերջին ամիսներին հատկապես ակտիվացել է Լիբիայից դեպի Կրետե վտանգավոր ծովային երթուղին։