Մալոպոլյան վոյեվոդության ոստիկանությունը հայտնել է շաբաթ օրը Կրակովի Շուկայի հրապարակում կրակ բացած 24-ամյա Միխալ Օ.-ի մահվան մասին։
Նոյեմբերի 7-ին Կրակովի կենտրոնական հրապարակում կրակ էր բացել Լեհաստանի մի քաղաքացի, որը, ըստ ենթադրությունների, ծայրահեղ աջ հայացքներ ուներ։ Կրակոցների հետևանքով զոհվել է վեց մարդ՝ երկու տղամարդ և չորս կին։ Եվս 16 մարդ վիրավորվել է։ Վիրավորների թվում են Ավստրիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի հինգ քաղաքացիներ։
Ինչպես հաղորդում է BBC-ն, ոստիկանությունը պատասխան կրակ է բացել և վնասազերծել հարձակվողին։ Ավելի ուշ նրա տանը հայտնաբերվել են ևս երեք մարդու՝ նրա ծնողների և քրոջ դիերը։ Լեհաստանում երկօրյա սուգ է հայտարարվել։
Լեհաստանի արդարադատության նախարար Վալդեմար Ժուրեկի խոսքով՝ գործի քննությամբ զբաղվում է ահաբեկչությունների քննության մեջ մասնագիտացած ստորաբաժանումը։ X սոցիալական հարթակում նախարարը գրել է, որ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը համակարգում է «հրազենով վեց անձի սպանության և շատ ուրիշների սպանության փորձի» գործով հետաքննությունը։
«Ըստ իրավական որակման՝ հանցագործի նպատակը մեծ թվով մարդկանց լրջորեն ահաբեկելն էր, ինչը գնահատվում է որպես ահաբեկչություն»,— հավելել է նա։