Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դռները Հայաստանի համար փակ չեն, և Երևանին կազմակերպությունից չեն վտարելու։
Լավրովն անդրադարձել է նաև Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավոր գործընթացի վերաբերյալ։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Փաշինյանի այն մոտեցումը, որ ԵՄ-ին պաշտոնապես անդամակցելու հայտ ներկայացնելուց և պատասխանը ստանալուց հետո միայն հանրաքվե կանցկացվի՝ որոշելու ԵՄ-ի կամ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ հարաբերությունների հետագա ուղղությունը, կարող է հայ ժողովրդին կանգնեցնել արդեն կայացված որոշման առաջ։
«Ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է՝ «Ես գնում եմ ԵՄ, ինձանից հանրաքվե են պահանջում, որպեսզի հայ ժողովուրդն ընտրի, թե որտեղ է իրեն ավելի լավ՝ ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ես այդ ընտրությունը կանեմ, երբ պաշտոնապես հայտ ներկայացնեմ և ինձ դրան պատասխանեն», դա արդեն ընտրություն չի լինի, դա ժողովրդին կանգնեցնելու է կատարված փաստի առջև»,– նշել է Լավրովը։