November 8, 2026
Lurer 760581 Facebook image

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի՝ Աբդալլահ թագավորի անվան ֆինանսական թաղամասում գտնվող Aramco-ի աշտարակը վնասվել է հութիների հրթիռային հարձակումից հետո, հայտնում է AFP-ն՝ հղում անելով ականատեսներին։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել էր եմենյան շարժման արձակած հրթիռները որսալու մասին։

«KAFD-ում գտնվող Aramco-ի աշտարակը հարձակման է ենթարկվել. դա հաստատ է», — հայտարարել է գործակալության զրուցակիցներից մեկը՝ նկատի ունենալով Աբդալլահ թագավորի անվան ֆինանսական թաղամասը։

Եվս երկու ականատես հաստատել է, որ տեսել է շենքի վնասվածքները։ Նրանցից մեկի վկայությամբ, վնասվել են մի քանի հարկեր, կոտրվել են ապակիները և վնասվել է ճակատային հատվածի մի մասը։

Կոալիցիայի ներկայացուցիչ Թուրքի ալ Մալիքին կիրակի առավոտյան հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են հութիների՝ Էր Ռիադի ուղղությամբ արձակած երկու բալիստիկ հրթիռ։ Այդ ընթացքում մայրաքաղաքում հզոր պայթյուններ են լսվել։

Աբդալլահ թագավորի անվան ֆինանսական թաղամասը Սաուդյան Արաբիայի տնտեսական վերափոխումների խորհրդանիշներից է։ Դրա տարածքում գտնվում են երկնաքերեր, առևտրային օբյեկտներ, բնակելի շենքեր և մետրոյի խոշոր կայարան։ Այս թաղամասին հասցված հարվածը կարող է հանգեցնել հակամարտության լուրջ սրման։

Իրավիճակը սրվում է Սաուդյան Արաբիայի և հութիների միջև ռազմական գործողությունների վերսկսման ֆոնին։ 2022 թվականից գործող զինադադարը փաստացի խախտվել է 2026 թվականի հուլիսին։ Այդ ժամանակվանից կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել, իսկ հութիները հարձակվել են սաուդյան օդանավակայանների, էներգետիկ և ռազմական օբյեկտների վրա։

AFP-ի տվյալներով, եմենցի պաշտոնյաները նաև հայտնել են, որ Սաուդյան Արաբիա և Եմեն պետք է ուղարկվեն հազարավոր սիրիացի զինծառայողներ, որոնց մի մասն արդեն տեղում է։ Սիրիան հերքում է այս տեղեկությունը։