Ովքե՞ր են լինելու Արման Ծառուկյանի աստղային մարտավկաները

UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը պատմել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի դեմ առաջիկա մենամարտին իր նախապատրաստության մասին։ Մենամարտը կկայանա սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում՝ UFC 331 մրցաշարի շրջանակներում։ Ծառուկյանը նշել է, թե ովքեր են լինելու իր անկյունում, ներկայացրել է մարտավարական ծրագիրը և հաստատել, որ հաղթանակը պետք է իրեն ճանապարհ բացի դեպի չեմպիոնական մենամարտ։

Ծառուկյանի մարտավկաներից մեկը կլինի հայկական ծագում ունեցող լեգենդար քիքբռնցքամարտիկ Ջորջո (Գևորգ) Պետրոսյանը։ Արմանի անկյունում կլինեն նաև Խամզատ Չիմաևը և մարզիչ Մարկոս «Պարումպա» դա Մատան։ Միևնույն ժամանակ, Ռոման Քալանթարյանն այս անգամ մենամարտի ընթացքում թիմի կազմում չի լինի։

Խոսելով առաջիկա մրցակցի մասին՝ Ծառուկյանն նշել է, որ չի պատրաստվում թերագնահատել Ռուֆիին։ Արմանի խոսքով՝ բրազիլացու գլխավոր ուժեղ կողմերն են կանգնած դիրքում աշխատանքը, ոչ ստանդարտ կոմբինացիաներն ու ծանր հարվածները։

Հենց այդ պատճառով Ծառուկյանը մտադիր է շեշտը դնել ըմբշամարտում ունեցած իր առավելության վրա։ Հայ մարտիկը նշել է, որ Ռուֆին լավ է զգում տարածությունն ու ժամանակը, շատ է շարժվում և կարող է անսպասելի հարվածներ հասցնել տարբեր անկյուններից։ Այդ պատճառով Ծառուկյանի խնդիրն է նախ մրցակցին պարտադրել ըմբշամարտ, իսկ հետո արդեն ավելի ակտիվ մտնել կանգնած դիրքում հարվածային փոխանակումների մեջ։

Ծառուկյանը հայտնել է, որ UFC-ի ներկայացուցիչներն արդեն իր հետ քննարկել են հետագա ծրագրերը․ Ռուֆիի նկատմամբ հաղթանակի դեպքում նա ակնկալում է 2027 թվականի սկզբին մենամարտել չեմպիոնական գոտու համար։

Կիսվել սոց․ ցանցերում
Xosapox.am