Հայաստանում վերջին տարիներին պարբերաբար քննարկվում է այն հարցը, թե որքանով են արվեստագետների քաղաքական դիրքորոշումները ազդում պետական միջոցառումներին նրանց մասնակցության վրա։ Որոշ արվեստագետներ խոսել են այնպիսի իրավիճակների մասին, որոնք, իրենց գնահատմամբ, կարող են վկայել պետական հարթակներից որոշակի անունների հեռացման մասին։
Այս թեման հատկապես ակտիվացավ վերջին տարիներին, երբ Հայաստանն ունեցավ տարածքային և մարդկային կորուստներին, որոնց վերաբերյալ բազմաթիվ հայ արտիստներ անտարբեր չէին և սոցհարթակներում հայտնում էին իրենց կարծիքը։
Օրինակ՝ երգչուհի Սոֆի Մխեյանի դեպքում հրապարակային է մեկ կոնկրետ փաստ․ նա պետք է սեպտեմբերի 21-ին ելույթ ունենար Վարդենիսի օրվա և Անկախության 35-ամյակին նվիրված համերգներին, սակայն նրա մասնակցությունը վերջին պահին հանվել է ծրագրից։ Ինքը՝ Մխեյանը, հայտարարել է, որ դա տեղի է ունեցել ոչ իր նախաձեռնությամբ և առանց իրեն հստակ պատճառաբանություն ներկայացնելու։
Միևնույն ժամանակ, Մխեյանի քաղաքական ակտիվությունը վերջին շրջանում նույնպես հրապարակային է եղել։ Հունիսի 3-ին նա մասնակցել է «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի հանրահավաքին և քաղաքացիներին կոչ արել մասնակցել ընտրություններին՝ «ուժեղ Հայաստան» ձևակերպմամբ։
Այս երկու հանգամանքների համադրությունը որոշ լրատվամիջոցների և հանրային քննարկումների շրջանակում հարց է առաջացրել՝ արդյո՞ք երգչուհու քաղաքական ակտիվությունն է պատճառը, որ նրա ելույթը հանվել է պետական տոնական միջոցառման ծրագրից։
Նման քննարկումների մեկ այլ օրինակ է դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։ Վերջինս 2026 թվականին հրապարակային հարցազրույցում հայտարարել է, որ, իր խոսքով, «2020 թվականից հստակ Հ1-ի սև ցուցակում է» և պնդել է, որ Հանրայինը ունի արվեստագետների չգրված «սև ցուցակ»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ խոսքի և հասարակության վրա ազդեցություն ունեցող մարդկանց ներկայությունը Հանրայինում կարող է իշխանության համար անհարմարություն ստեղծել։
Հովհաննիսյանի քաղաքական դիրքորոշումների վերաբերյալ նույնպես կան տարբեր տարիների հրապարակային հայտարարություններ։ Վերջին շրջանում նա, մասնավորապես, քննադատաբար է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի և իշխանությունների մի շարք գործողությունների վերաբերյալ։
Նույն համատեքստում տեղին է հիշատակել նաև երգչուհի Սիրուշոյին։ Նրա ընտանիքի կապը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանրային ու քաղաքական քննարկումների առարկա է դարձել, իսկ ինքը տարբեր առիթներով հրապարակային դիրքորոշումներ է արտահայտել Քոչարյանի ընտանիքի և Լևոն Քոչարյանի շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ։
Թեպետ Սիրուշոն 2018 թվականի մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում անցկացված պետական տոնական համերգի մասնակիցների թվում եղել է նաև Սիրուշոն, սակայն դա հասանելի աղբյուրներում իր վերջին ելույթն է եղել պետական միջոցառումների ժամանակ։
2026 թվականի Անկախության 35-ամյակի գլխավոր համերգի պաշտոնապես հրապարակված ծրագրում Սիրուշոյի անունը ևս չկար։ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած ցանկում ընդգրկված էին, մասնավորապես, Արամ MP3-ը, Իվետա Մուկուչյանը, Ռոլանդ Գասպարյանը, Սարո Թովմասյանը, Արման Հովհաննիսյանը, Թաթա Սիմոնյանը և այլ արտիստներ։
Այս ամենը խոսում է հանրային քննարկման մեջ ձևավորված վարկածի մասին, ըստ որի՝ իշխանությունների հետ քաղաքական տարաձայնություններ ունեցող որոշ արվեստագետներ կարող են ավելի քիչ հայտնվել պետական հարթակներում։
Միաժամանակ հարցը շարունակում է մնալ արդիական․ պետական միջոցառումներում արտիստների ընտրությունը պայմանավորվո՞ւմ է միայն նրանց մասնագիտական պահանջարկով և միջոցառման ձևաչափով, թե՞ որոշ դեպքերում դեր են խաղում նաև նրանց քաղաքական հայացքներն ու հրապարակային գործունեությունը։ 2026 թվականի Անկախության 35-ամյակի շուրջ ստեղծված Սոֆի Մխեյանի դեպքը այդ քննարկմանը ևս մեկ առիթ է տվել։

