November 10, 2026
Lurer 760884 Facebook image

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում Դավիթ Բեկի 110/5 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Միքայել Ս.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Հովսեփ Դ.-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Hyundai Elantra»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ «Chevrolet Volt»-ի վարորդի սթափությունը պարզելու համար քննիչի որոշմամբ բժշկական կենտրոնում արյան նմուշ է վերցվել , քանի որ կասկածվում է, որ նա եղել է ոչ սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Chevrolet Volt»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Hyundai Elantra»-ին։