November 8, 2026
Lurer 760532 Facebook image

Նոյեմբերի 7-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Երևանի և Սոֆիայի միջև ուղիղ չվերթների վերագործարկմանը նվիրված պաշտոնական արարողություն՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իվանկա Տաշևայի մասնակցությամբ։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նախարարների տեղակալների կողմից ուղիղ չվերթների վերագործարկումը խորհրդանշող ժապավենի կտրման արարողություն։

Հաջորդիվ կայացել է Վահան Կոստանյանի և Իվանկա Տաշևայի կարճատև հանդիպումը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին՝ կարևորելով ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով ամրագրված ուղղություններով համագործակցության հետևողական խորացումը։ Այս համատեքստում ընդգծվել է առևտրի, տնտեսության, հաղորդակցության, նորարարական տեխնոլոգիաների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի արդյունավետ առաջմղմանն ուղղված համագործակցության հնարավորությունների շուրջ: