Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգը, հաղորդել է A Haber-ը՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների վարչությանը։
Էրդողանը վստահություն է հայտնել, որ Անկարայի և Վաշինգտոնի համագործակցությունը կընդլայնվի, և հայտարարել է երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ աշխատանքը շարունակելու մտադրության մասին։
Առաջնորդներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությանը։ Թուրքիայի նախագահն ընդգծել է առճակատումը դադարեցնելու և տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել խաղաղության հասնելու համար։
Քննարկելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը՝ Էրդողանը հույս է հայտնել, որ դիվանագիտական ջանքերի ակտիվացումը դրական արդյունքների կհանգեցնի։ Նա հաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել խաղաղ գործընթացին, և նշել է ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի հետ շփումների ընդլայնման կարևորությունը։
Զրույցի ընթացքում Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին աջակցելու համար։