November 7, 2026
Lurer 760481 Facebook image

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին և արտաքին գործերի նախարարի տեղակալներ Սերգեյ Ռյաբկովն ու Միխայիլ Գալուզինը կընդգրկվեն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմում։ Հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 10-ին՝ Աբու Դաբիում։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պատվիրակության կազմում կլինեն նաև ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Յուրի Ժիգարլովսկին։

Պեսկովի խոսքով՝ պատվիրակության անդամները մասնակցել են նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցությանը։ Նախագահի օգնական Յուրի Ուշակովը չի մասնակցի բանակցություններին որպես պատվիրակության անդամ, այլ կհամակարգի միջազգային հարցերով աշխատանքը։

Ակնկալվում է, որ հանդիպումը կանցկացվի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ։ Եվրոպական երկրները բանակցություններին ներգրավված չեն լինի։

Քննարկման հնարավոր թեմաներից են անվտանգության փոխադարձ երաշխիքները, լարվածության նվազեցումն ու մարդասիրական նախաձեռնությունները։