November 10, 2026
Lurer 760869 Facebook image

Ռուսաստանի Լենինգրադի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Կիրիշիի նավթավերամշակման գործարանում։ ASTRA-ի OSINT վերլուծաբանները հաստատել են, որ տարածված տեսանյութերում երևում է գործարանի տարածքում բռնկված հրդեհը։

Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հաստատել է Կիրիշիի արդյունաբերական գոտում հարվածի փաստը։ Նրա պնդմամբ՝ մարզի երկնքում ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցել է 81 անօդաչու։

Տեղացիները հայտնել են հակաօդային պաշտպանության աշխատանքի և գործարանի մերձակայքում հզոր պայթյունների մասին։ Հաղորդվել է նաև Շինարարների փողոցում գտնվող բազմաբնակարան շենքի բնակիչների տարհանման մասին։

Կիրիշիի ՆՎԳ-ն շահագործման է հանձնվել 1966 թվականին։ Այն պատկանում է «Սուրգուտնեֆտեգազ» ընկերությանը և տարեկան կարող է վերամշակել շուրջ 20-21 միլիոն տոննա նավթ՝ լինելով Ռուսաստանի խոշորագույն նման ձեռնարկություններից մեկը։

Գործարանն ապահովում է Ռուսաստանի նավթավերամշակման շուրջ 7 տոկոսը։ Այն նաև Սանկտ Պետերբուրգի վառելիքի և Պուլկովո օդանավակայանի ավիակերոսինի կարևոր մատակարարներից է։

2025-2026 թվականներին գործարանը բազմիցս ենթարկվել է անօդաչուների հարձակումների։ Նախորդ հարվածներից հետո ձեռնարկությունը ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել կամ կրճատել արտադրությունը։