November 8, 2026
Lurer 760619 Facebook image

Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է Թեհրանի նկատմամբ ճնշման ամերիկյան քաղաքականության ձախողման մասին և կործանում կանխատեսել Իսլամական Հանրապետությանը հակադրվող պետությունների համար, փոխանցում է Mehr-ը։

Ըստ նրա, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և նրա դաշնակիցների քաղաքական ու ընտրական անհաջողությունները վկայում են Իրանի կամքը կոտրելու՝ Վաշինգտոնի անկարողության մասին։

«Դրանք մատնանշում են ավելի խորքային իրողություն․ Միացյալ Նահանգներին չի հաջողվել կոտրել Իրանի կամքը», — հայտարարել է բրիգադի գեներալ Շեքարչին։

Նրա համոզմամբ, ագրեսիայի, թիրախային սպանությունների և առավելագույն ճնշման ամերիկյան ռազմավարությունները, ինչպես նաև Թեհրանի դեմ ռազմական միջոցները չեն կարողացել հաղթահարել Իրանի զսպման ներուժն ու նրա ղեկավարության, ժողովրդի և զինված ուժերի վճռականությունը։

Շեքարչին ընդգծել է, որ ցանկացած տերություն, որը հակադրվում է Իսլամական Հանրապետությանը, նրա տոկունությանն ու վճռականությանը, դատապարտված է պարտության և համաշխարհային հանրության աչքում ազդեցության կորստի։

Իրանի զինված ուժերի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունը, միջազգային ասպարեզում, հատկապես Արևմտյան Ասիայում Վաշինգտոնի անհաջողությունները, ռազմական հեղինակության թուլացումն ու սպառնալիքների ձախողումը խարխլել են ամերիկյան վարչակազմի դիրքերը։

«Թրամփը և նրա անխոհեմ, կոշտ ու ահաբեկչական հայացքներ ունեցող դաշնակիցները մտադիր էին ոչնչացնել հպարտ, հնագույն ազգին, սակայն իրավիճակը հակառակ ուղղությամբ փոխվեց։ Այժմ նրանք իրենք են դարձել ռազմավարական հյուծման, ներքին խոր ճգնաժամերի և Իրանի զինված ուժերի ու Դիմադրության ճակատի հասցրած պարտությունների զոհերը», — հայտարարել է գեներալը։

Շեքարչիի կարծիքով, տեղի ունեցողը վկայում է այն մասին, որ ուժերի համաշխարհային հավասարակշռությունը միշտ չէ, որ ձևավորվում է համաշխարհային գերիշխանության ձգտող պետությունների օգտին։