Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ըտրություններ են սպասվում նաև Վայոց ձորի Վայք խոշորացված համայնքում։
Նախորդ ՏԻՄ ընտրություններին համայնքապետի պաշտոնի համար պայքար էր ընթանում 2 կուսակցությունների միջև՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազատական»։ Ընտրություններից առաջ կուսակցությունների ցուցակները գլխավորած Մխիթար Մաթևոսյանը և Սիմոն Բաբայանը համագործակցության հուշագիր էին ստորագրել, և արդյունքում որպես ՔՊ-ի միասնական թեկնածու առաջադրվեց Մխիթար Մաթևոսյանը։
Մաթևոսյանը ծնվել է 1977 թվականին, սովորել և ավարտել է Երևանի «Գալիք» համալսարանը: Համալսարան ընդունվելուց առաջ՝ 12 տարի տնօրինել է իր անունը կրող՝ «Մ.Մաթևոսյան» ձեռնարկությունը։ Ապա 9 տարի եղել է իր հիմնադրած շինարարական «Մավշին» ՍՊԸ-ի տնօրենը։ Նա 2020-ին հիմնել էր մեկ ալ ընկերություն՝ «Մաթևոսյան քոնսթրաքշնս» ՍՊԸ-ն, որը զբաղվում էր ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով։
Մաթևոսյանը ՔՊ-ի հետ սկսել է աշխատել հեղեփոխությունից հետո։ 2021-ին նշանակվել է Վայք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ապա՝ համայնքի ղեկավար։
«Մավշին» ՍՊԸ-ն տնօրինելու տարինեներին Մաթևոսյանը հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրունում՝ պետությանը պատճառված վնասի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։ Բանն այն է, որ 2019-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Մաթևոսյանը Վայքի մարզադաշտին կից շինության և համայնքային նշանակության այգու բարեկարգման աշխատանքների ընթացքում չկատարված աշխատանքները ներառել էր կատարողական փաստաթղթերում։ Ըստ քննության՝ դրա արդյունքում պետությունից ընկերությանը շուրջ 4 մլն դրամ ավել գումար էր փոխանցվել՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ Մաթևոսյանի գույքի նկատմամբ արգելանք էր կիրառվել։ Սակայն հետագայում քննչական կոմիտեն, «Փաստերի ստուգման հարթակի» գրավոր հարցին ի պատասխան, տեղեկացրել էր, որ քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ Մխիթար Մաթևոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, բնակարանի ու մեքենայի վրա դրված կալանքը՝ վերացվել:
Մաթևոսյանի անունը շոշափվել է նաև այլ պաշտոնյաների հետ ունեցած ընդհարումների երկու դեպքերի ժամանակ։ 2019-ին Եղեգնաձորում «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառման ժամանակ տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ նախկին փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հայտարարել էր, որ միջադեպը հրահրել է Մխիթար Մաթևոսյանը, որի ընկերության շինարարական աշխատանքների թերությունների մասին ինքը բարձրաձայնել էր։
Իսկ 2023-ին Դիլիջանում ՔՊ-ականների հավաքի ժամանակ, ըստ ArmLur.am-ի աղբյուրների, Մաթևոսյանի և այդ ժամանակ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի միջև վեճ էր տեղի ունեցել՝ Մաթևոսյանի «բարև չտալու» պատճառով, որը վերածվել էր ծեծկռտուքի։ Քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման, հայտնել էր, որ դեպքի առնչությամբ քրեական գործ չէր հարուցվել։
2 տարի առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Մաթևոսյանն իր պաշտոնի հետ անհամատեղելի է, բայց, չնայած դրան, նա շարունակում է պաշտոնավարել մինչ այսօր։
Աննա Հանյան

