November 7, 2026
Lurer 760442 Facebook image

52 տարեկանում մահացել է չիլիացի կինոռեժիսոր, «Օսկարի» մրցանակակիր Սեբաստիան Լելիոն։ Նրա մահվան մասին ուրբաթ օրը հայտնել է ընտանիքը՝ Instagram-ում հրապարակված գրառմամբ։ Հարազատները նշել են, որ ռեժիսորը առողջական խնդիրներ ուներ, սակայն մահվան պատճառը չեն հստակեցրել։

Լելիոն միջազգային ճանաչում է ստացել «Ֆանտաստիկ կին» դրամայի շնորհիվ, որի համար 2018 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի՝ լավագույն միջազգային ֆիլմ անվանակարգում։ Ֆիլմի գլխավոր դերակատարը տրանսգենդեր դերասանուհի Դանիելա Վեգան էր, որը մարմնավորել է մատուցողուհու և գիշերային ակումբի երգչուհու, որի կյանքը փոխվում է սիրելիի մահից հետո։

«Ֆանտաստիկ կինը» Չիլիին բերել է երկրի պատմության երկրորդ «Օսկարը»։ Առաջին մրցանակը 2016 թվականին ստացել էր «Արջի պատմություն» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը։

Լելիոյի մյուս հայտնի աշխատանքներից են «Գլորիան», «Ալիքը», «Հրաշքը», «Անհնազանդությունը» և «Վագրի տարին» ֆիլմերը։ Իր կարիերայի ընթացքում նա համագործակցել է այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Ջուլիան Մուրը, Ռեյչել Վայսը և Ֆլորենս Պյուն։

Ռեժիսորը սեպտեմբերին սկսել էր նկարահանել «Poeta Chileno» («Չիլիացի բանաստեղծ») ֆիլմը՝ Ալեխանդրո Զամբրայի համանուն գրքի հիման վրա։

Սեբաստիան Լելիոն ծնվել է Արգենտինայի Մենդոսա քաղաքում, իսկ երկու տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Չիլի։ Նա մեկ տարի սովորել է լրագրություն, այնուհետև ընդունվել Չիլիի կինոդպրոց։