November 6, 2026
Lurer 760210 Facebook image

Բրիտանացի դերասան Ջոշ Օ’Քոնորը կարող է մարմնավորել Ջեյմս Բոնդին «007» ֆիլմաշարի հաջորդ՝ 26-րդ ֆիլմում։ Այս մասին, ըստ The Sun-ի, պատմել է դերասանի գործընկերը, որը պնդում է, թե Օ’Քոնորն անձամբ է խոստովանել, որ ստացել է այդ դերը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը Լոնդոնի The French House փաբում պատահաբար հանդիպել է Օ’Քոնորի՝ «Golden Boy» ներկայացման դերասանական կազմի անդամներից մեկին։ Մի քանի բաժակ գարեջրից հետո վերջինս, իբր, հայտարարել է, որ Ջոշ Օ’Քոնորն է լինելու հաջորդ Ջեյմս Բոնդը։

Աղբյուրը նշել է, որ դերասանի գործընկերը վստահ էր իր ասածներում և պատմել է, թե Օ’Քոնորն այդ մասին իրեն հայտնել է «Golden Boy»-ի ներկայացումների ավարտից հետո՝ Հելոուինի առթիվ կազմակերպված խնջույքի ժամանակ։

Page Six-ը մեկնաբանության համար դիմել է Amazon-ին և EON Productions-ին։

Հաջորդ՝ «Bond 26» անվանումը կրող ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2028 թվականին, սակայն պաշտոնական ամսաթիվը դեռ չի հայտարարվել։ Ֆիլմը կարտադրի Amazon MGM Studios-ը։

Ջեյմս Բոնդի դերի հավակնորդների թվում նախկինում հիշատակվել են Ջոշ Օ’Քոնորը, Ջեյքոբ Էլորդին, Ջեք Լոուդենը և Քալում Թըրները։ Դերի համար քասթինգի փորձարկումները դեռ շարունակվում են։

BBC-ին տված հարցազրույցում Օ’Քոնորը նշել է, որ իրեն մեծ պատիվ է համարում Բոնդի դերի հավակնորդների թվում լինելը։ Միևնույն ժամանակ դերասանը չի ցանկացել մանրամասներ հայտնել՝ ասելով, որ այդ թեմայով ավելացնելու ոչինչ չունի։

36-ամյա Ջոշ Օ’Քոնորը հայտնի է հատկապես «Թագը» (The Crown) սերիալում երիտասարդ արքայազն Չարլզի դերով։