November 6, 2026
Lurer 760351 Facebook image

Ռուսական զորքերը շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին, գրում է Current time-ը։

Նոյեմբերի 5-ի երեկոյան Ռուսաստանը «Գերան» տեսակի անօդաչու թռչող սարքերով հարվածել է Նիկոլաևի մարզում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտին, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Ռեշետիլովը։

Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի փոխանցմամբ՝ ռուսական հարձակման հետևանքով վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ Բելայա Ցերկովի և Օբուխովի շրջաններում։ Բորիսպոլի շրջանում տուժել է երեք մարդ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Բելայա Ցերկովում հարված է հասցվել էներգիայի պահպանման մարտկոցային համալիրին, որը, ըստ գերատեսչության պնդման, էլեկտրաէներգիա էր մատակարարում Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին։

Սումիի շրջանում թիրախավորվել է էլեկտրաենթակայան, իսկ Օդեսայի նավահանգստում՝ բեռնատար նավ, որը, ըստ ռուսական կողմի, Ուկրաինա էր տեղափոխում երկակի նշանակության բեռներ։

Ուկրաինայի Կիրովոգրադի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով ավերվել է բնակելի տուն, վիրավորվել է երեք մարդ, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Լույս նոյեմբերի 6-ի գիշերը և առավոտյան Ռուսաստանը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել է հարվածային 227 անօդաչու թռչող սարք։

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ դրանցից 196-ը խոցվել են։ «Ուկրէներգո» ընկերության փոխանցմամբ՝ նոյեմբերի 6-ին ամբողջ Ուկրաինայի տարածքում կգործեն էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների ժամանակացույցեր ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ մասնավոր սպառողների համար։