Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck էլեկտրապիկապների արտադրությունն իր Տեխասի գործարանում։ Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը՝ նշելով, որ արտադրական հզորություններն օգտագործվելու են ինքնավար Cybercab մեքենաների արտադրությունն ավելացնելու համար։
Մասկը, սակայն, չի հստակեցրել՝ արդյոք Cybertruck-ի արտադրությունն ամբողջությամբ կդադարեցվի, թե այն կտեղափոխվի այլ գործարան։ Մինչդեռ նախագծի գլխավոր ինժեներ Ուես Մորիլը սոցցանցում գրել է, որ Cybertruck-ը եղել է տեխնոլոգիական զարգացման կարևոր հարթակ, և դրա գաղափարները կշարունակեն ապրել Cybercab-ում։
Cybertruck-ը ներկայացվել էր 2019 թվականին, սակայն մի շարք ուշացումներից հետո շուկա դուրս եկել միայն 2023-ին։ Իր անկյունային, չժանգոտվող պողպատից պատրաստված դիզայնով այն գրավել էր երկրպագուների ուշադրությունը, բայց վաճառքի ցուցանիշները սպասվածից ցածր էին։
Մոդելի շուրջ խնդիրներ են առաջացրել նաև մի քանի հետկանչերը։ Մասնավորապես, 2025 թվականին ավելի քան 46 հազար Cybertruck հետ է կանչվել՝ թափքի արտաքին դետալի պոկվելու վտանգի պատճառով։
Cybertruck-ը Մասկի ամենասիրելի նախագծերից էր։ Նա բազմիցս այն անվանել է Tesla-ի լավագույն արտադրանքը, իսկ արտադրության դադարեցման մասին լուրերին արձագանքելիս նշել է, որ մեքենաների պարկը դեռ երկար ժամանակ կշարունակի շահագործվել։
Մինչդեռ ընկերության որոշումը հարցեր է առաջացրել մոդելի հետագա ճակատագրի վերաբերյալ։ Մասկի հայտարարությունը վերաբերում է Տեխասի գործարանում արտադրությանը, և դեռ պարզ չէ՝ արդյոք Cybertruck-ի արտադրությունն ամբողջությամբ կավարտվի։