Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Արևմուտքի դաշնակիցներից պահանջում է հստակեցնել, թե ինչ անվտանգության երաշխիքներ կտրամադրվեն Կիևին Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նախապես հասկանալ, թե ինչպես կարձագանքեն դաշնակիցները, եթե Մոսկվան կրկին հարձակվի Ուկրաինայի վրա. փոխանցում է Associated Press-ը։
Զելենսկին այս մասին խոսել է հինգշաբթի երեկոյան հեռուստահարցազրույցում՝ Բրյուսելում դաշնակիցների երկօրյա քննարկումներից հետո։ Հանդիպումներին մասնակցել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրամիության ներկայացուցիչները, ինչպես նաև Համաշխարհային բանկի և ամերիկյան BlackRock ներդրումային խմբի ներկայացուցիչներ։ Քննարկվել են հետպատերազմյան վերականգնման, 2027 թվականի ֆինանսավորման և անվտանգության երաշխիքների հարցերը։
«Կարևորն այն է, որ ամեն ինչ հստակ ամրագրված լինի։ Հարցը տասնյակ կետերի մասին չէ, այլ այն հասկանալու, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանը կրկին հարձակվի։ Ո՞վ ինչ կանի, ինչ միջոցներով և ե՞րբ»,- նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո Կոնգրեսում ուժերի հարաբերակցության փոփոխությունը կարող է նպաստել Կիևին տրամադրվող օգնության ավելացմանը, այդ թվում՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների ավելի արագ մատակարարմանը։ Ուկրաինայի իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան էլ հայտարարել է, որ նոր Կոնգրեսի պայմաններում ամերիկյան աջակցությունն ավելացնելու հնարավորությունները կարող են առնվազն կրկնապատկվել։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի Վաշինգտոնում հանդիպել է Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։ Հանդիպման մանրամասները նա չի հայտնել՝ միայն նշելով, որ հնարավոր համաձայնագիրը կարող է վերաբերել ոչ միայն Ուկրաինային, այլև ամբողջ Եվրոպային։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան դեռևս որևէ մանրամասնություն չունի այդ հնարավոր համաձայնության վերաբերյալ։
Պատերազմական գործողությունները շարունակվել են նաև Ուկրաինայում։ Ռուսաստանի գիշերային անօդաչու թռչող սարքերի հարվածները հոսանքազրկումներ են առաջացրել երկրի յոթ շրջաններում, առավել ծանր իրավիճակ է եղել Կիևի մարզում։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը գիշերը 227 անօդաչու է արձակել, որոնցից 196-ը խոցվել կամ չեզոքացվել են։
Միաժամանակ, Կոմիշուվախա գյուղում ռուսական կառավարվող ավիառումբերի հարվածից զոհերի թիվը հասել է 53-ի։ Հարվածի հետևանքով ավերվել էր նախկին դպրոցի շենքը, որն օգտագործվում էր որպես մարդասիրական օգնության բաշխման կենտրոն և ապաստարան։ Տարածաշրջանի ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ փլատակներից նոր մարմիններ են դուրս բերվել, իսկ մի քանի տասնյակ մարդ դեռևս անհետ կորած է համարվում։