Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի զգեստների ինստիտուտը 2027 թվականի Met Gala-ի շրջանակում կներկայացնի առօրյա հագուստին նվիրված ցուցահանդես՝ «extraORDINARY. Նորաձևությունը և առօրյայի պոետիկան» խորագրով։ Ցուցադրությունը կանդրադառնա այն բանին, թե ինչպես են դիզայներները սովորական իրերը՝ ջինսերը, մարզաշապիկներն ու փքված բաճկոնները, վերածում նորաձևության յուրօրինակ նմուշների. գրում է Associated Press-ը։
Նոր ցուցահանդեսը կփոխարինի բրիտանացի դիզայներ Ջոն Գալիանոյին նվիրված հետահայաց ցուցադրությանը, որը չեղարկվել էր նրա նախկին հակասեմական հայտարարությունների շուրջ բարձրացած քննադատությունների պատճառով։ Մետրոպոլիտեն թանգարանի զգեստների ինստիտուտի գլխավոր կուրատոր Էնդրյու Բոլթոնի խոսքով՝ սկզբնական նախագծի չեղարկումից հետո նոր գաղափարը պետք է մշակվեր զրոյից։
Բոլթոնը նշել է, որ ցուցահանդեսի գաղափարը ծագել է առօրյա հագուստի նշանակության մասին մտածելիս։ Նրա խոսքով՝ մարդիկ հաճախ առանձնահատուկ կապվածություն են ունենում սիրելի հագուստի հետ, իսկ դրա արժեքը ձևավորվում է նաև հիշողությունների և տարիների ընթացքում կրելու շնորհիվ։
Ցուցադրության մոտ մեկ երրորդը կազմված կլինի թանգարանի սեփական հավաքածուից, իսկ մնացած նմուշները կփոխառվեն կամ կնվիրաբերվեն նորաձևության տներից։ Ներկայացվելու են նաև հայտնի դիզայներների աշխատանքներ, այդ թվում՝ Չարլզ Ջեյմսի՝ 1930-ականներին ստեղծած փքված վերարկուն և Նորմա Կամալիի հայտնի «քնապարկի» վերարկուն։
Ցուցադրության ուշագրավ նմուշներից կլինի նաև Բրուք Շիլդսի՝ Calvin Klein-ի հայտնի գովազդային արշավում կրած ջինսը։ Այդ արշավը նկարահանվել էր, երբ դերասանուհին ընդամենը 15 տարեկան էր։
Ցուցահանդեսը կբացվի 2027 թվականի մայիսի 3-ին՝ Met Gala-ի ժամանակ։ Երեկոյի հագուստի պահանջներն ու հայտնի հյուրերի ցանկը կհայտարարվեն ավելի ուշ։