November 7, 2026
Lurer 760451 Facebook image

Ամստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի նոր տվյալների կենտրոնի շինհրապարակ, բարձրացել կռունկի վրա և բախվել ոստիկանության հետ։ Բողոքի ակցիան տվյալների կենտրոնների կառուցման դեմ Եվրոպայում տարածվող շարժման մասն է. գրում է apnews-ը։

«Գիֆ Թեգենգաս» խմբի անդամ Նաթան Թիմմերի խոսքով՝ ցուցարարները գրավել են տարածքը՝ շինարարությունը դադարեցնելու նպատակով։ Ակտիվիստները պնդում են, որ տվյալների կենտրոնները մեծ քանակությամբ էներգիա և ջուր են սպառում, ինչպես նաև մտահոգություններ են առաջացնում արհեստական բանականության կիրառման և տվյալների վերահսկողության առնչությամբ։

Նիդեռլանդների ոստիկանությունը հայտնել է, որ ցույցի ընթացքում ձերբակալվել է 150-200 մարդ՝ տարածք ապօրինի ներխուժելու կասկածանքով։ Բողոքի ակցիային միացել են նաև պաղեստինամետ ակտիվիստներ։

Microsoft-ը հայտարարել է, որ հարգում է խաղաղ ցույցերի իրավունքը, սակայն չի արդարացնում անօրինական կամ մարդկանց անվտանգությունը վտանգող գործողությունները։

Տվյալների կենտրոնների դեմ բողոքի ակցիաներ են նախատեսվել նաև Եվրոպայի 15 երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Լեհաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում։ Ակտիվիստները պահանջում են դադարեցնել նոր կենտրոնների կառուցումը կամ խստացնել ոլորտի նկատմամբ վերահսկողությունը՝ նշելով, որ նախագծերն իրականացվում են առանց հանրային բավարար քննարկումների և բնապահպանական պատշաճ գնահատման։

PwC-ի կանխատեսմամբ՝ 2026-2050 թվականներին Եվրոպայում տվյալների կենտրոնների ոլորտում կապիտալ ներդրումները կկազմեն 5.6 տրիլիոն դոլար՝ համաշխարհային ծավալի շուրջ 18 տոկոսը։ Նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ում այդ ներդրումների ծավալը կարող է հասնել 15.1 տրիլիոն դոլարի։