November 7, 2026
Lurer 760466 Facebook image

Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ընթացքում ունեցած ելույթում Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հայտարարել է, որ TRIPP նախագծի իրականացումը հնարավորություն կտա ընդլայնել Ադրբեջանի տրանսպորտային կապերը տարածաշրջանի հետ, ինչպես նաև նոր հեռանկարներ կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման համար։

Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ նախագիծը ներառում է ոչ միայն երկաթուղային հաղորդակցության, այլև տրանսպորտային այլ ուղղությունների զարգացում։ Նա նշել է, որ նախագծի իրականացման համար պատասխանատու ընկերության ստեղծմանը և երթուղու հստակ պարամետրերի որոշմանը զուգահեռ կարող են նոր հնարավորություններ բացվել նաև հասարակական կազմակերպությունների ներգրավման համար։

«Սա ավելի լայն տարածաշրջանի հետ Ադրբեջանի կապերի հաստատման գործընթացի մի մասն է։ Հուսով եմ, որ այս գործընթացի շրջանակում մենք կտեսնենք նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացում։ Եվ այստեղ, իմ կարծիքով, հասարակական կազմակերպությունները կարող են հսկայական դեր խաղալ»,- ասել է Ալենը։

Նա նաև անդրադարձել է երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և հանրային ակտիվիստներին միավորող «Խաղաղության կամուրջ» (Peace Bridge) կազմակերպության գործունեությանը՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները կարող են նպաստել հայ և ադրբեջանական հասարակությունների միջև շփումների ակտիվացմանը։

Ալենի գնահատմամբ՝ TRIPP նախագիծը կարող է դառնալ ոչ միայն տարածաշրջանային տրանսպորտային կապերի ընդլայնման, այլև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ու համագործակցության զարգացման հարթակ։