Անգլիայի գավաթի պատմության ամենահայտնի անակնկալների հեղինակներից մեկը՝ «Ալտրինչեմ» ֆուտբոլային ակումբը, պատրաստվում է հերթական անգամ հաղթել ավելի բարձր դիվիզիոնում հանդես եկող մրցակցին։ Շաբաթ օրը թիմը կմրցի Առաջին լիգան ներկայացնող «Նոթս Քաունթիի» հետ. գրում է BBC-ն։
«Ալտրինչեմը», որը ներկայումս հանդես է գալիս Անգլիայի հինգերորդ դիվիզիոնում, գավաթի խաղարկության ընթացքում հաղթել է Ֆուտբոլային լիգայի 17 թիմի։ Սա ռեկորդային ցուցանիշ է այն ակումբների շրջանում, որոնք երբևէ չեն հանդես եկել պրոֆեսիոնալ լիգաներում։
Թիմի պատմության ամենանշանակալի հաջողություններից մեկը 1986 թվականին գրանցված հաղթանակն է, երբ «Ալտրինչեմը» մրցակցի հարկի տակ դուրս թողեց այն ժամանակվա բարձրագույն դիվիզիոնը ներկայացնող «Բիրմինգհեմ Սիթիին»։ Ակումբը նաև երկու անգամ հասել է գավաթի երրորդ փուլ՝ մրցելով «Էվերթոնի» և «Տոտենհեմի» հետ։
Նախկին ֆուտբոլիստ Գրեհեմ Հիթքոթը կարծում է, որ ակումբի հարուստ պատմությունը պետք է ոգեշնչի ներկայիս խաղացողներին։ Նրա որդին՝ Սեմ Հիթքոթը, նույնպես շարունակել է ընտանեկան ավանդույթը՝ 2015-ին օգնելով «Ալտրինչեմին» հաղթել «Բարնսլիին», իսկ այս տարի «Մաքլսֆիլդի» կազմում մասնակցել է գործող գավաթակիր «Քրիսթալ Փելասի» նկատմամբ սենսացիոն հաղթանակին։
«Ալտրինչեմի» գլխավոր մարզիչ Նիլ Գիբսոնը նշել է, որ թիմը հնարավորություն ունի սեփական անունը թողնելու մրցաշարի պատմության մեջ։