Մշակութային պետական կազմակերպությունների ստեղծագործական աշխատողների պաշտոնների անվանացանկը, պաշտոններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու նպատակով ատեստավորման անցկացման կարգը նախատեսվում է սահմանել ԿԳՄՍ նախարարի հրամանով։
Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված՝ Մշակութային պետական ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծագործական աշխատողների պաշտոնների անվանացանկը, օրինակելի նկարագիրը, ստեղծագործական աշխատողների կարգավիճակը և ստեղծագործական աշխատողներին ներկայացվող պահանջները զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու նպատակով ատեստավորում անցկացնելու, ատեստավորման անցկացման պարբերականությունը, ժամկետները սահմանելու և արդյունքների բողոքարկման, ատեստավորման անցկացման համար ատեստավորման հանձնաժողով ձևավորելու կարգը սահմանելու մասին նախագիծը։
Նախագծով սահմանվում են ստեղծագործական աշխատողների պաշտոնների անվանացանկը, նրանց կարգավիճակը, պաշտոնների օրինակելի նկարագրերը, ատեստավորման պարբերականությունը, ժամկետները, հանձնաժողովի ձևավորման և արդյունքների բողոքարկման կարգը։
Ո՞ր պաշտոններն են ընդգրկվելու անվանացանկում
Նախագծով մշակութային պետական կազմակերպությունների ստեղծագործական աշխատողների շարքում ընդգրկվում են 24 պաշտոններ, այդ թվում՝
- գեղարվեստական ղեկավար,
- գլխավոր ռեժիսոր, ռեժիսոր և բեմադրող ռեժիսոր,
- հնչյունային ռեժիսոր,
- գլխավոր դիրիժոր և դիրիժոր,
- գլխավոր խմբավար և խմբավար,
- գլխավոր բալետմայստեր և բալետմայստեր,
- գլխավոր կոնցերտմայստեր և կոնցերտմայստեր,
- գլխավոր նկարիչ և բեմադրող նկարիչ,
- հագուստի և նորաձևության նկարիչ,
- բեմի առաջատար վարպետ,
- արտիստ, դերասան, երաժիշտ, մեներգիչ,
- երաժշտական ձևավորող,
- երգչախմբի և բալետի արտիստ,
- պարուսույց,
- տիկնիկագործ և տիկնիկագործ-քանդակագործ։
Նախագծով մշակութային պետական կազմակերպությունների աշխատողները բաժանվում են յոթ կարգավիճակի՝ ստեղծագործական, տնօրինության, վարչական, կազմակերպչական, սպասարկման ոլորտի, ծառայություններ մատուցող և տեխնիկական աշխատողների։
Որքա՞ն հաճախ են անցկացվելու ատեստավորումները
Նախագծով նախատեսվում է ստեղծագործական աշխատողների ատեստավորումն անցկացնել առնվազն երեք տարին մեկ անգամ։
Ատեստավորումն իրականացվելու է մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ քննությունների միջոցով։ Գնահատվելու են աշխատողների պրոֆեսիոնալիզմը, կատարողական վարպետությունը, բեմական տվյալները և զբաղեցրած պաշտոնի պահանջներին համապատասխանությունը։
Ատեստավորման ձևաչափը կարող է ներառել մրցութային դերերի կատարում, երաժշտական պարտիաներ, բալետային և պարային համարներ, ունկնդրում, դիտում կամ լսում։
Քննություններն անցկացվելու են փակ ունկնդրման կամ դիտման միջոցով, իսկ գործընթացը տեսաձայնագրվելու է։
Ատեստավորման ժամանակացույցը մասնակիցներին պետք է տրամադրվի քննության օրվանից առնվազն մեկ ամիս առաջ։ Դրանում կնշվեն մասնակցի տվյալները, պաշտոնը, քննության ձևաչափը, անցկացման օրը, ժամը և վայրը։
Ովքե՞ր չեն անցնելու ատեստավորում
Նախագծով ատեստավորում չի նախատեսվում մի շարք պաշտոններ զբաղեցնող աշխատողների համար։ Դրանց թվում են գեղարվեստական ղեկավարները, գլխավոր ռեժիսորները, ռեժիսորները, բեմադրող ռեժիսորները, հնչյունային ռեժիսորները, գլխավոր դիրիժորները, դիրիժորները, գլխավոր խմբավարները, խմբավարները, գլխավոր բալետմայստերները, բալետմայստերները, գլխավոր և բեմադրող նկարիչները, հագուստի նկարիչները, տիկնիկագործներն ու տիկնիկագործ-քանդակագործները։
Ատեստավորման ենթակա չեն լինի նաև ԽՍՀՄ կամ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի կամ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում ունեցող անձինք։
Այս աշխատողների պաշտոնային դրույքաչափերն ու հավելավճարները նախատեսվում է սահմանել հարցազրույցի արդյունքներով՝ հաշվի առնելով մասնագիտական որակավորումը, ստեղծագործական և մասնագիտական նվաճումները, ինչպես նաև աշխատանքային փորձը։
Ատեստավորում չեն անցնի նաև տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող աշխատողները, ինչպես նաև հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողները, եթե վերջիններս ատեստավորվելու հայտ չեն ներկայացրել։
Վերջիններիս ատեստավորումը կարող է անցկացվել արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի անց, եթե նրանք ավելի վաղ ատեստավորվելու հայտ չեն ներկայացրել։
Ատեստավորման ենթակա չեն լինի նաև հրավիրյալ արվեստագետները։ Նրանց ելույթավճարը կսահմանվի կազմակերպության և արվեստագետի միջև ձեռք բերված գրավոր համաձայնությամբ։
Ինչպե՞ս են գնահատվելու աշխատողները, և ի՞նչ հետևանքներ կարող են լինել
Ատեստավորումն իրականացվելու է առնվազն յոթ անդամից բաղկացած մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովի անդամների մեծամասնությունը պետք է լինեն տվյալ կազմակերպության աշխատակից չհանդիսացող անձինք։ Դրա կազմում կարող են ընդգրկվել ոլորտի ճանաչված մասնագետներ, մասնագիտացված բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ։
Գնահատումն իրականացվելու է 10-բալանոց համակարգով։ Հանձնաժողովի անդամները յուրաքանչյուր մասնակցի գնահատելու են սահմանված չափանիշներով, իսկ վերջնական արդյունքը որոշվելու է անհատական գնահատականների միջին թվաբանականով։
Նախագծով նախատեսվում են հետևյալ արդյունքները՝
- 9-10 միավոր՝ աշխատողը կարող է հավակնել հավելավճարի։
- 7-8 միավոր՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին։
- 5-6 միավոր՝ ենթակա է պաշտոնային դրույքաչափի նվազեցման։
- 1-4 միավոր՝ չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։
Ատեստավորման արդյունքների հիման վրա կազմակերպության տնօրենը հրամանով կհաստատի աշխատողի գնահատման արդյունքը և կսահմանի նրա վարձատրության չափը։
Աշխատողի վարձատրությունը նախատեսվում է ձևավորել հաստիքացուցակով սահմանված աշխատավարձի դրույքաչափից և հավելավճարից։ Հավելավճարները կախված են լինելու թատերահամերգային ծրագրերում ստեղծագործական անձնակազմի արտիստների ներգրավվածությունից և կազմակերպության ֆինանսական հնարավորություններից։
Եթե աշխատողը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, կազմակերպության տնօրենը կարող է որոշում կայացնել նրան աշխատանքից ազատելու մասին՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով։
Հնարավո՞ր կլինի բողոքարկել ատեստավորման արդյունքները
Նախագծով աշխատողին հնարավորություն է տրվում բողոքարկել ատեստավորման արդյունքները։ Դրա համար արդյունքների հրապարակումից հետո սահմանվում է հինգ աշխատանքային օր ժամկետ։
Բողոքը ներկայացվելու է կազմակերպության տնօրենին, իսկ այն քննելու է առնվազն հինգ մասնագետից բաղկացած բողոքարկման հանձնաժողովը։ Հանձնաժողովում պետք է ընդգրկվի նաև ԿԳՄՍ նախարարության համապատասխան վարչության ներկայացուցիչ։
Բողոքարկման հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել այն մասնագետները, որոնք մասնակցել են սկզբնական ատեստավորման որոշման կայացմանը։
Բողոքը պետք է քննվի հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Հանձնաժողովը կարող է անփոփոխ թողնել նախնական որոշումը կամ փոխել այն՝ կայացնելով նոր որոշում։
Բողոքարկման հանձնաժողովի որոշումները նույնպես կարող են վիճարկվել դատական կարգով։
Ի՞նչ պարտավորություններ են դրվելու պետական կազմակերպությունների տնօրենների վրա
Հրամանի ընդունումից հետո ԿԳՄՍ նախարարության ենթակայության պետական կազմակերպությունների տնօրենները պետք է մեկամսյա ժամկետում ընդունեն իրենց կազմակերպությունների ստեղծագործական աշխատողների և կատարողական արվեստի աշխատողների պաշտոնների նկարագրերը՝ հաշվի առնելով կազմակերպության կառուցվածքն ու գործունեության առանձնահատկությունները։
Այդ նկարագրերի մեկ օրինակը պետք է ներկայացվի ԿԳՄՍ նախարարություն՝ սահմանված ժամկետի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
Տնօրենները պետք է նաև համապատասխան փոփոխություններ կատարեն աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերում՝ նոր պաշտոնային նկարագրերի պահանջներին համապատասխան։
Նախագծով սահմանվում է նաև, որ պաշտոնների օրինակելի նկարագրերը տարածվելու են միայն այն աշխատողների վրա, որոնք աշխատանքի են ընդունվել տվյալ պետական կազմակերպության պաշտոնների նկարագրերն ուժի մեջ մտնելուց հետո։
Այսպիսով, նախագիծը նախատեսում է մշակութային պետական կազմակերպությունների ստեղծագործական աշխատողների պաշտոնների և մասնագիտական պահանջների միասնական շրջանակի սահմանում, ինչպես նաև նրանց աշխատանքի գնահատման և վարձատրության տարբերակված մեխանիզմի ներդրում։
Ծանուցում․ Լուսանկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով։