Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը կարևորել է Գերագույն ռադայի կողմից օտարերկրյա պաշտոնյաների կաշառքի դեմ պայքարին ուղղված օրինագծի ընդունումը՝ պատգամավորներին կոչ անելով պատասխանատու որոշում կայացնել։
«Այսօր Գերագույն ռադայից կարևոր որոշում ենք ակնկալում՝ Ուկրաինայի նախագահի նախաձեռնությամբ ներկայացված թիվ 15056 օրինագծի ընդունումը։ Սա անհրաժեշտ քայլ է՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)՝ օտարերկրյա պաշտոնյաների կաշառքի դեմ պայքարի կոնվենցիային Ուկրաինայի միանալու գործընթացն ավարտին հասցնելու համար»,- երեքշաբթի օրը Telegram-ում գրել է Բուդանովը։
Նրա խոսքով՝ օրինագծի ընդունումը թույլ կտա խստացնել պատասխանատվությունը միջազգային կոռուպցիայի համար, ամրապնդել գործընկերների վստահությունը և կատարել Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների շրջանակում ստանձնած պարտավորությունները։
Բուդանովը նաև ընդգծել է, որ իրավունքի գերակայությունը, թափանցիկությունն ու պետական ուժեղ ինստիտուտները Ուկրաինայի ազգային անվտանգության կարևոր բաղադրիչներն են։
Նշենք, որ թիվ 15056 օրինագիծը նախատեսում է քրեական պատասխանատվություն սահմանել օտարերկրյա պաշտոնյաներին և միջազգային խորհրդարանականներին կաշառելու համար։ Այն նաև նախատեսում է Ուկրաինայի քրեական օրենսդրության կիրառումը նման կաշառքի դեպքերի նկատմամբ, նույնիսկ եթե դրանք տեղի են ունեցել երկրի սահմաններից դուրս։
Օրինագիծը Գերագույն ռադա էր ներկայացվել նախագահի նախաձեռնությամբ և առաջին ընթերցմամբ ընդունվել 2026 թվականի մայիսի 26-ին։ Նոյեմբերի 9-ին դրա քննարկումը հետաձգվել էր։