Այսօր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) բազմամոդալ տարանցիկ ուղու առաջմղման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի աշխատանքների մեկնարկը։
Այս ձևաչափը միավորում է երեք երկրների քաղաքականություն մշակողներին և տեխնիկական փորձագետներին՝ համագործակցաբար աշխատելու և տարածաշրջանում երկարաժամկետ կայունության, տնտեսական կենսունակության, տարածաշրջանային փոխկապակցվածության և առևտրային բարգավաճման ապահովմանը նպաստելու նպատակով՝ վերահաստատելով նախագահ Թրամփի միջնորդությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած Խաղաղության գագաթնաժողովի անկյունաքարային հռչակագրի նշանակությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՄԱ նախարարությունից։
Տեսլականը շոշափելի առաջընթացի վերածելու ընդհանուր հանձնառությամբ՝ կողմերը պայմանավորվել են գործարկել եռակողմ տեխնիկական պլանավորման առաջին երկու խմբերը՝ տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման ուղղություններով։ Տեխնիկական պլանավորման այս խմբերի ձևավորումը կարևոր քայլ է բարդ տեխնիկական հարցերի լուծման և իրականացման հաջորդ փուլերին անցնելու ուղղությամբ, այդ թվում՝ տարածաշրջանային այլ ենթակառուցվածքների հետ կապի ապահովման առումով։