November 9, 2026
Lurer 760790 Facebook image

Օլիմպիական հնգակի չեմպիոն և ձյուդոյի աշխարհի 12-ակի չեմպիոն Թեդի Ռիները հայտարարել է 2027 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։ 37-ամյա մարզիկն այդ մասին հայտնել է X սոցիալական ցանցում։

Le Parisien-ին տված հարցազրույցում Ռիները նշել է, որ իրեն չի համարում ո՛չ աջ, ո՛չ ձախ քաղաքական թևի ներկայացուցիչ և ցանկանում է դառնալ նախագահ, որը կմիավորի երկիրը։

«Ես մեղավորներ չեմ փնտրում։ Ես այստեղ եմ լուծումներ գտնելու համար»,- հայտարարել է նա՝ միաժամանակ հրաժարվելով գնահատել Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնի աշխատանքը։

Ռիների խոսքով՝ նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու է սեփական միջոցներով։ Նա նաև վստահություն է հայտնել, որ կկարողանա հավաքել թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ 500 ստորագրությունը։

Թեդի Ռիները համարվում է ձյուդոյի պատմության ամենատիտղոսակիր մարզիկներից մեկը։ Նա 2012, 2016 և 2024 թվականների Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել 100 կգ-ից բարձր քաշային կարգում, ինչպես նաև հաղթել է Տոկիոյի և Փարիզի խաղերի թիմային մրցաշարերում։

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները նախատեսված են 2027 թվականի ապրիլի 18-ին։