ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքում ձերբակալել են 35-ամյա տղամարդու, որը վեցամյա դստերը մենակ էր թողել Target խանութի մոտ՝ Pokémon-ի նոր կոլեկցիոն քարտերի հերթում տեղ պահելու համար, հայտնել է NBC News-ը։
Ուրբաթ, գիշերը տեղի ժամանակով ժամը 2:30-ի սահմաններում, ոստիկանները ժամանել են Ուեսթ Էշլի թաղամասում գտնվող խանութի մոտ՝ առանց հսկողության մնացած երեխայի մասին հաղորդում ստանալուց հետո։ Նրանք աղջկան հայտնաբերել են մենակ։
Ոստիկանության տվյալներով՝ հայրը՝ Ջոն-Մայքլ Դուլին, գիշերվա ժամը մեկից հետո դստերը քնած թողել էր հերթում՝ նախապես նրան բարձ ու վերմակ տալով։
Երբ տղամարդը մեկ ժամվա ընթացքում չի վերադարձել, անհանգստացած գնորդները ոստիկանություն են կանչել։ Իրավապահների տվյալներով՝ խանութ վերադառնալուց հետո ականատեսները ճանաչել են Դուլիին, և նրան ձերբակալել են։ Նա խոստովանել է, որ տուն էր գնացել՝ դստերն առանց հսկողության թողնելով հերթում տեղը պահելու համար։
Աղջիկը չի տուժել։ Նրան հանձնել են Հարավային Կարոլինայի սոցիալական ծառայությունների դեպարտամենտի ժամանակավոր խնամատարությանը։
Դուլիին մեղադրանք է առաջադրվել երեխայի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի համար։ Նա գտնվում է Al Cannon քննչական մեկուսարանում։