November 10, 2026
Lurer 760982 Facebook image

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 10-ին ժամանել է Դանիա՝ վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի և սկանդինավյան այլ առաջնորդների հետ հանդիպելու նպատակով։

Զելենսկու խոսքով՝ այցի հիմնական առաջնահերթությունը Ուկրաինայի անվտանգության ապահովումն ու պաշտպանական կարողությունների ամրապնդումն է։ Նա հայտարարել է, որ Դանիայից սպասվում է նոր, հզոր պաշտպանական փաթեթ, որը կնպաստի Ուկրաինայի պաշտպանունակության բարձրացմանը։

Այցի ընթացքում Ուկրաինայի նախագահը հանդիպումներ կունենա նաև Դանիայի օրենսդիրների, առաջատար պաշտպանական ընկերությունների և Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ի հետ։ Նախատեսված են նաև հանդիպումներ Նորվեգիայի, Շվեդիայի, Իսլանդիայի և Ֆինլանդիայի վարչապետների հետ։

Դանիայի վարչապետի գրասենյակի փոխանցմամբ՝ բանակցությունների առանցքում կլինեն Ուկրաինային ռազմական աջակցության տրամադրումը և եվրոպական անվտանգության հարցերը։ Կքննարկվեն նաև Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման և էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության հրատապ կարիքները։