November 10, 2026
Lurer 761014 Facebook image

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակության համար դժվար է Աբու Դաբիում բանակցություններ վարել ռուսների հետ։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինան»։

«Ես հենց նոր զրուցեցի Աբու Դաբիում գտնվող մեր թիմի հետ։ Ռուսների հետ դժվար է։ Նրանք, մեղմ ասած, մեր լավագույն ընկերները չեն», – պատասխանել է Զելենսկին։

Նա պարզաբանել է, որ Աբու Դաբիում բանակցությունները կենտրոնացած են մարդասիրական հարցերի, այդ թվում՝ գերիների փոխանակման վրա։

Զելենսկին իր տելեգրամյան ալիքում պարզաբանել է, որ Աբու Դաբիում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունները կառուցողական և բավականին բովանդակալից են եղել։

«Հասցրել ենք քննարկել մարդասիրական քայլերի անհրաժեշտությունն ու հնարավոր պայմանները։ Գերիների ազատ արձակումն առաջնահերթություն է», – նշել է նա։

Մանրամասն քննարկվել են նաև Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն ու դրանց գործարկման հիմքերը։ Անդրադարձ է կատարվել նաև լարվածության թուլացմանն ուղղված քայլերին։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 10-ին, երկարատև ընդմիջումից հետո վերսկսվել են Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունները։ Երեք երկրների բանակցային խմբերը հանդիպել են Աբու Դաբիում։

Ուկրաինական պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության պետ Ռուստեմ Ումերովը, մեկնաբանելով բանակցությունները, նշել է, որ Ուկրաինան ցանկանում է հասնել երկարատև խաղաղության, ինչպես նաև ակնկալում է գործընկերներից ստանալ անվտանգության երաշխիքներ։

Կայքի աղբյուրները հայտնել են, որ քննարկման թեմաներից մեկը եղել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների լայնածավալ փոխանակման հնարավորությունը։