November 10, 2026
Lurer 760947 Facebook image

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անհանգստացած է «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Էյզենկոտի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու հնարավորությամբ։ Այս մասին հայտարարել է Նեթանյահուի նախկին խորհրդական Նիր Հեֆեցը՝ 103FM ռադիոկայանին տված հարցազրույցում։

Հեֆեցի խոսքով՝ խուճապը Նեթանյահուի որոշումների կայացման կարևոր գործոններից է, հատկապես երբ վտանգված է նրա անձնական քաղաքական դիրքը։ Նա պնդել է, որ քաղաքական անորոշության պահերին վարչապետի աշխատակազմում հաճախակի են եղել Նեթանյահուի կնոջ՝ Սառայի, և որդու՝ Յաիրի շտապ զանգերը։

Նախկին խորհրդականը կարծում է, որ իշխանությունը կորցնելը ծանր հարված կլինի Նեթանյահուի և նրա ընտանիքի համար։ Նրա խոսքով՝ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Նեթանյահուն ստիպված կլինի ընդդիմադիր նստարաններից հետևել, թե ինչպես է Էյզենկոտը ստանձնում վարչապետի լիազորությունները՝ օգտվելով պետական բարձրագույն պաշտոնին ուղեկցող արտոնություններից։

Հեֆեցը չի բացառել, որ Նեթանյահուն կարող է գնալ ավելի մեծ զիջումների՝ Էյզենկոտի հետ ազգային միասնության կառավարություն ձևավորելու նպատակով։ Նրա գնահատմամբ՝ այդ բանակցությունները կարող են նաև ձգձգել այլընտրանքային կոալիցիայի ձևավորումը և խոչընդոտել Նեթանյահուի երկարամյա դաշինքի փլուզմանը ծայրահեղ ուղղափառ կուսակցությունների հետ։

Հեֆեցը Էյզենկոտին ավելի լուրջ քաղաքական մրցակից է համարել, քան նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթին՝ ընդգծելով, որ վերջինս չի վախենում Նեթանյահուից և կարող է վստահություն ներշնչել կոալիցիոն հնարավոր գործընկերներին։ Նա նաև ենթադրել է, որ «Իսրայել Բեյթենու» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը կարող էր Էյզենկոտից գաղտնի երաշխիքներ ստացած լինել։

Նշենք, որ հոկտեմբերի 27-ի խորհրդարանական ընտրություններից հետո Էյզենկոտը նախագահ Իցհակ Հերցոգից մանդատ է ստացել կառավարություն ձևավորելու համար։ Հեֆեցն անդրադարձել է նաև Նեթանյահուի դեմ ընթացող կոռուպցիոն գործին՝ պնդելով, որ վարչապետի պաշտոնը կորցնելու դեպքում դատարանը կարող է ավելի խիստ պահանջներ սահմանել նրա դատական նիստերին ներկայանալու հարցում։