Հայ ըմբիշներ Սամվել Տերտերյանը, Հայկ Խլոյանը, Գասպար Տերտերյանը և Տիգրան Մինասյանը հաղթանակներ են տարել ըմբշամարտի Գերմանիայի Բունդեսլիգայի ութերորդ տուրում։
Հատուկ ուշադրության կենտրոնում էր Սամվել Տերտերյանի և վրացի Անրի Պուտկարաձեի գոտեմարտը մինչև 80 կգ քաշային կարգում։ Տերտերյանը վստահ հաղթանակ է տարել 9։2 հաշվով՝ ռևանշ վերցնելով մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում կրած պարտության դիմաց։
Խոշոր հաշվով հաղթանակներ են տարել Հայկ Խլոյանն ու Տիգրան Մինասյանը։ Խլոյանը մինչև 98 կգ քաշային կարգում 19։4 հաշվով առավելության է հասել ֆին Վալտերի Լատվալայի նկատմամբ, իսկ Մինասյանը մինչև 61 կգ քաշային կարգում գերմանացի Լարս Կեստերնիխին հաղթել է 16։0 հաշվով։ Գասպար Տերտերյանը մինչև 75 կգ քաշային կարգում 4։0 հաշվով հաղթել է գերմանացի Էրիկ Վագներին։