November 10, 2026
Lurer 760874 Facebook image

Նոյեմբերի 9-ին Տալլինում ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հրավերով որպես պատվավոր հյուր մասնակցել է Էստոնիայի ԱԳՆ հիմնադրման 108-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

Միջոցառմանը մասնակցել են Էստոնիայի նախագահը, խորհրդարանի նախագահը, ինչպես նաև Լիտվայի և Շվեդիայի ԱԳ նախարարները:

Նախարար Միրզոյանն իր ելույթում նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր ձեզ հետ միասին նշել Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 108-ամյակը և Երևանից փոխանցել իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։

Սակայն այսօր մեզ միավորում է շատ ավելին, քան այս հանդիսավոր առիթը։ Մեզ միավորում է հավատարմությունն այն հիմնարար արժեքներին ու սկզբունքներին, որոնք ավելի քան մեկ դար առաջ ոգեշնչել են մեր ժողովուրդներին և որոնք մենք շարունակում ենք արժևորել ու պաշտպանել այսօր։ Դրանք են անկախությունը, ինքնիշխանությունը և մեր ժողովուրդների համար ժողովրդավարական, խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու անսասան վճռականությունը։

Մեր Առաջին Հանրապետությունը ևս ծնունդ է առել 1918 թվականին՝ պատերազմի և խորագույն ցնցումների պայմաններում։ Մենք ևս գիտենք, թե ինչ է նշանակում տոկունությամբ և հաստատակամությամբ պաշտպանել ինքնիշխանությունը և դիվանագիտությունը դիտարկել որպես ազգային գոյատևման, անկախ պետականության շարունակականության ապահովման, խաղաղության, ժողովրդավարության և բարեկեցության պայմաններում ապրելու մեր իրավունքի պաշտպանության կարևորագույն գործիք։

Պատմական այս ընդհանրություներից անդին՝ Հայաստանի և Էստոնիայի ժողովուրդներին կապում են ջերմ պատմություններ։

Դեռևս 19-րդ դարում Տարտուի համալսարանում ուսանել են հայ ուսանողներ և մտավորականներ, որոնցից ոմանք հետագայում նշանակալի ավանդ են ունեցել հայ կրթության, գրականության և հասարակական կյանքի զարգացման գործում։ Իսկ 1906 թվականին հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանը, ոգեշնչվելով մի երիտասարդ էստոնուհուց, գրել է իր հայտնի «Էստոնական երգ» բանաստեղծությունը։

Մեր երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին։ Այսօր մեր գործընկերությունը թևակոխել է նոր և առավել հավակնոտ փուլ։ Այս տարվա ապրիլին Էստոնիան Երևանում բացեց իր ռեզիդնտ դեսպանությունը, որոշում, որը մենք ողջունեցինք որպես մեր երկկողմ հարաբերությունների նկատմամբ հանձնառության իրական դրսևորում։ Այդ առիթով ես և Մարգուսը ստորագրեցինք հուշագիր, որը նշանավորեց մեր արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության նոր փուլ։

Եվ այսօր՝ այս առանձնահատուկ առիթով, մեծ ուրախությամբ ցանկանում եմ հայտարարել, որ առաջիկա ամիսներին Հայաստանն իր հերթին ռեզիդենտ դեսպանություն կբացի այստեղ՝ Տալլինում։ Սա ևս մեկ կարևոր հանգրվան կլինի մեր երկրների միջև շարունակաբար ամրապնդվող գործընկերության ճանապարհին։

Եվ վերջում, սիրելի՛ բարեկամներ, ինչպե՞ս կարող էի այսպիսի հրաշալի առիթով այցելել Էստոնիա և ինձ հետ չբերել հայկական ոգու մի փոքրիկ մասնիկ։ Հուսով եմ՝ այսօր ավելի ուշ հնարավորություն կունենաք վայելելու հայկական գինին ու կոնյակը, և մենք միասին բաժակ կբարձրացնենք մեր պետությունների հարատևության ու մեր երկրների միջև ամուր բարեկամության համար։

Palju õnne! Շնորհավորում եմ»,- ասել է նախարարը։