November 6, 2026
Lurer 760267 Facebook image

ԱՄՆ-ում տվյալների կենտրոնների արագ աճի դեմ հանրային դժգոհությունը տեղ է գտել նաև միջանկյալ ընտրությունների քաղաքական օրակարգում։ Հարցումների համաձայն՝ ընտրողների զգալի մասը դեմ է իրենց համայնքներում նոր տվյալների կենտրոնների կառուցմանը՝ մտահոգվելով շրջակա միջավայրի, էլեկտրաէներգիայի գների և կյանքի որակի վրա դրանց ազդեցությամբ. գրում է BBC-ն։

Associated Press-ի հարցման համաձայն՝ ընտրողների 56%-ը նշել է, որ տվյալների կենտրոնները կարևոր կամ նշանակալի գործոն են եղել իրենց քվեարկության որոշման մեջ։ Հարցվածների 76%-ը դեմ է արտահայտվել իրենց համայնքում նոր տվյալների կենտրոն կառուցելուն։ Դրանց նկատմամբ բացասական վերաբերմունքն առավել տարածված է դեմոկրատների շրջանում։

Pew Research Center-ի հարցումն էլ ցույց է տվել, որ ամերիկացիների մոտ կեսը տվյալների կենտրոնները հիմնականում բացասական ազդեցություն ունեցող կառույցներ է համարում՝ շրջակա միջավայրի, բնակարանային և կոմունալ ծախսերի ու կյանքի որակի տեսանկյունից։ Հունվարից ի վեր այդ վերաբերմունքն ավելի բացասական է դարձել։

Այդուհանդերձ, տվյալների կենտրոնները ընտրողների համար ամենակարևոր հարցը չեն եղել․ կոռուպցիան ընտրողների 90%-ի, իսկ կյանքի թանկացումը՝ 89%-ի համար ավելի էական խնդիրներ են եղել։

Դեմոկրատները միջանկյալ ընտրություններում հաղթանակներ են տարել նաև այն նահանգներում, որտեղ տվյալների կենտրոնների թիվը համեմատաբար մեծ է։ Տեխասում կա 595, Օհայոյում՝ 258, իսկ Այովայում՝ 117 տվյալների կենտրոն։ Այդ նահանգներում դրանց թիվը գերազանցում է նահանգների միջին ցուցանիշը՝ 55-ը։

Սակայն հստակ չէ, թե տվյալների կենտրոնների դեմ դժգոհությունն ինչ չափով է ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Հարցումների տվյալները ցույց են տալիս, որ դեմոկրատների օգտին քվեարկած նահանգներում ընտրողների վարքագիծը հիմնականում համահունչ է եղել ազգային միտումներին։

Միաժամանակ, Տեխասում, Ջորջիայում և Օհայոյում ընտրված դեմոկրատ սենատորներն ու նահանգապետերը հանդես են եկել տվյալների կենտրոնների գործունեության ավելի խիստ կարգավորման օգտին։ Նրանց առաջարկների թվում են շինարարության ժամանակավոր արգելքները, հարկային արտոնությունների վերացումը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և ջրի ենթակառուցվածքների ծախսերը կառուցապատողների վրա դնելը։

Քաղաքական գործիչները նաև առաջարկում են տվյալների կենտրոնների շինարարության ընթացքում ապահովել արհմիութենական աշխատուժի ներգրավումը, բնապահպանական երաշխիքներն ու թափանցիկությունը, ինչպես նաև համայնքներին տալ կառուցապատմանը վետո դնելու իրավունք։

Տվյալների կենտրոնների շինարարության ծավալները վերջին տարիներին կտրուկ աճել են։ 2026 թվականի օգոստոսին ԱՄՆ-ում դրանց կառուցման վրա ամսական ծախսերը, առանց տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումների արժեքի, հասել են 5 միլիարդ դոլարի՝ 2023 թվականի ցուցանիշը գերազանցելով հինգ անգամ։

Փորձագետների կարծիքով՝ խիստ կարգավորումները կամ շինարարության արգելքները կարող են բարձրացնել ոլորտի ծախսերը, դանդաղեցնել զարգացումն ու հետաձգել նոր նախագծերը։ Սակայն արդեն թույլտվություն ստացած ծրագրերը, հավանաբար, կշարունակվեն։ Բացի այդ, տվյալների կենտրոնները նահանգներին ապահովում են հարկային եկամուտներով և աշխատատեղերով, ուստի ամբողջական արգելքի փոխարեն առավել հավանական է փոխզիջումային կարգավորումների ընդունումը։

ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո OpenAI-ն հայտարարել է, որ ամբողջությամբ կվճարի իր տվյալների կենտրոնների էլեկտրաէներգիայի ծախսերը։