November 6, 2026
Lurer 760279 Facebook image

Սանկտ Պետերբուրգի Պետրոգրադյան շրջանի դատարանը երաժիշտ Անդրեյ Պանինին դատապարտել է 5,5 տարվա ազատազրկման՝ ռուսական բանակի մասին, քննության գնահատմամբ, կեղծ տեղեկություններ տարածելու մեղադրանքով։

Քննչական մարմինների տվյալներով՝ 2023 թվականի օգոստոսին Պանինը համացանցում հրապարակել է տեղեկություններ, որոնք, ըստ մեղադրանքի, գիտակցաբար կեղծ են եղել և վերաբերել են ռուսական զինված ուժերի գործողություններին։ Երաժիշտը մեղավոր է ճանաչել իրեն՝ նշելով, որ գրառումն արել է հուզական վիճակում՝ ստացած տեղեկությունների ազդեցության տակ։

«Մեդիազոնա»-ի հաղորդմամբ՝ գործի հիմքում եղել է նրա՝ «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում կատարած գրառումը՝ Չեռնիգովում զոհված մարդկանց մասին։ Գրառմանը կից եղել է քաղաքի երաժշտական և դրամատիկական թատրոնի ավերված շենքի լուսանկարը։

Պանինը ձերբակալվել և նախնական կալանքի է վերցվել 2026 թվականի հուլիսին՝ գրառումը հրապարակելուց մոտ երեք տարի անց։

Մինչ ձերբակալությունը նա մասնագիտորեն աշխատել է որպես թմբկահար, երաժշտության դասեր է տվել և համագործակցել Սանկտ Պետերբուրգի Երիտասարդական թատրոնի ու Մեծ էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ։