November 6, 2026
Lurer 760313 Facebook image

Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվեն հայ գերիներին այցելելու հնարավորությունն ու պատվիրակության անդամների անվտանգության պայմանները։ Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։

Նրա խոսքով՝ տարբեր երկրներից նախաձեռնությանը միացել են հասարակական և մասնագիտական գործունեությամբ հայտնի կանայք, որոնք պատրաստ են այցելել Ադրբեջանի Ումբակի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալներին, նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու ծանրոցները։

Զոնաբենդը նշել է, որ 2026 թվականի հունիսից մի քանի անգամ դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին՝ առաջարկելով այցի տարբեր ձևաչափեր և խնդրելով համաձայնեցնել անվտանգության պայմանները, սակայն պատասխան չի ստացել։ Նրա խոսքով՝ ադրբեջանական լրատվամիջոցներում նաև հրապարակումներ են եղել Բաքու մեկնելու դեպքում իրեն հնարավոր ձերբակալելու մասին։ Նա հավելել է, որ օգոստոսի 25-ից Ռուբեն Վարդանյանի տեղացի փաստաբանին ևս թույլ չեն տալիս հանդիպել նրա հետ։

Զոնաբենդը դիվանագիտական աջակցություն ստանալու խնդրանքով դիմել է նաև Հայաստանի կառավարությանը։ Նրա փոխանցմամբ՝ օգոստոսի 17-ին իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ ԱԳՆ-ում հանդիպումից հետո պատասխանատու անձ չի նշանակվել, իսկ իրենց գրավոր հարցումը մնացել է անպատասխան։

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի կառավարությանը փոխանցվել է հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ՝ խնդրանքով աջակցել դրանք Բաքու հասցնելու հարցում։ Զոնաբենդի խոսքով՝ պատվիրակությունը որոշել է նամակները չպահել մինչև այցի կազմակերպումը և հույս ունի, որ դրանք կհասնեն հասցեատերերին։

Նա ընդգծել է, որ նախաձեռնության նպատակը հայ գերիներին տեսնելն ու նրանց կապն ընտանիքների հետ վերականգնելն է։ Զոնաբենդը նշել է, որ աշխատանքները շարունակելու են այնքան ժամանակ, մինչև բոլոր բանտարկյալները վերադառնան տուն։